Եվրոպական հանձնաժողովը երեքշաբթի ընդունել է կանոնակարգ, որն արգելում է որսի և սպորտային հրաձգության համար կապարե կոտորակով փամփուշտների օգտագործումն ու վաճառքը։ Սահմանափակումներն ուղղված են շրջակա միջավայրի՝ կապարով աղտոտման նվազեցմանը և մարդկանց ու կենդանիների առողջության պաշտպանությանը։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2033 թվականին։

Ինչպես հայտնել են Եվրահանձնաժողովում, արգելքը տարածվում է առնվազն 1% կապար պարունակող զինամթերքի վրա։ Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ պետություններն ավելի վաղ չեն առարկել այս միջոցառման դեմ, ինչը թույլ է տվել ընդունել կանոնակարգը։

Սահմանափակումները չեն տարածվի ռազմական նպատակներով օգտագործվող զինամթերքի վրա։ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ դա հնարավորություն կտա կանխել նոր կանոնների բացասական ազդեցությունը Եվրամիության երկրների պաշտպանունակության վրա։

Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում արգելքը թույլ կտա կանխել շուրջ 550 հազար տոննա կապարի ներթափանցումը շրջակա միջավայր։

Գերատեսչության գնահատմամբ՝ դրա շնորհիվ մոտ 1,1 միլիոն երեխա պաշտպանված կլինի նյարդային համակարգի զարգացման վրա կապարի վնասակար ազդեցությունից։

Բացի դրանից, ակնկալվում է, որ նոր կանոնները կօգնեն պաշտպանել շուրջ 156 միլիոն թռչուն։ Կապարե կոտորակը կարող է աղտոտել հողն ու ջուրը, ինչպես նաև հայտնվել վայրի կենդանիների մսի մեջ։

Որսորդական կազմակերպություններն ավելի վաղ քննադատել էին կապար պարունակող զինամթերքն ամբողջությամբ արգելելու գաղափարը։

Նրանք մատնանշել էին հրաձգարանների վերազինմանն առնչվող մեծ ծախսերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հրազենի որոշ հին մոդելների համար կապար չպարունակող փամփուշտները պիտանի չեն։