Հյուսիսային Մակեդոնիայի ազգային անվտանգության գործակալությունը հայտարարել է Իրանի հատուկ ծառայությունների հետ առնչություն ունեցող և Հունաստանում ահաբեկչություն կամ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց ցանց բացահայտելու մասին, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Գերատեսչության պնդմամբ՝ ցանցի անդամները գործել են Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում և զբաղվել ենթադրյալ հարձակման համար նյութատեխնիկական ենթակառուցվածքի նախապատրաստմամբ։
Ինչպես ասվում է գործակալության հայտարարության մեջ, 2026 թվականի սկզբից այն Հունաստանի ազգային հետախուզական ծառայության և արտասահմանյան այլ գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի ՆԳՆ հանրային անվտանգության բյուրոյի հետ համակարգմամբ միջոցառումներ է իրականացնում՝ բացահայտելու օտարերկրյա, այդ թվում՝ իրանական կառույցների հետ կապված անձանց ծրագրերը։
Օպերատիվ, տեխնիկական և վերլուծական միջոցառումների ընթացքում, ինչպես նշվում է, բացահայտվել է տեղական ցանց, որը կապված է Իրանի քաղաքացի Էդրիս Ջահանգիրի Մավանեի հետ։ Հատուկ ծառայության պնդմամբ՝ նա առնչություն ունի Իրանի հետախուզական և ուժային կառույցների շահերից ելնելով գործող ցանցերի այլ միջնորդների և անդամների, ինչպես նաև Հաջի Շարիֆի Զինդաշթիի հետ, որին գերատեսչությունն անվանում է թմրաբարոն։
Գործակալության վարկածով՝ Հյուսիսային Մակեդոնիայում ցանցի՝ քրեական կառույցների հետ կապ ունեցող անդամները Մավանեի անմիջական ցուցումներով նյութատեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել՝ Հունաստանում ահաբեկչություն կամ որևէ անձի դեմ մահափորձ կազմակերպելու համար։
Արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը հնարավորություն է տվել պարզել ցանցի գործողությունների ենթադրյալ եղանակը, ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ ցանցի անդամները գաղտնի հանդիպումներ են անցկացրել երրորդ երկրներում, դրանց թվում՝ Իրանում։ Այդ շփումների ընթացքում, ինչպես պնդվում է, հաստատվել է կապը Մավանեի հետ, որին գործակալությունը համարում է ծրագրվող հարձակման գլխավոր կազմակերպիչը։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ երրորդ երկրներում քրեական միջնորդական ցանցերի օգտագործումը կարող է միջոց լինել՝ թաքցնելու իրանական հետախուզական կառույցների առնչությունն ահաբեկչական սպառնալիքներին և հարձակումներին։
Հյուսիսային Մակեդոնիայի ազգային անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ կշարունակի բացահայտել և կանխել ենթադրյալ իրանական միջնորդական ցանցերին առնչվող հնարավոր սպառնալիքները, ինչպես նաև պարզել նման կառույցների այլ հնարավոր մասնակիցների ինքնությունը։





























