Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը համաձայնել է դեկտեմբերի 1-ին ցուցմունք տալ ԱՄՆ կոնգրեսականների առջև՝ Չինաստան ամերիկյան առաջատար տեխնոլոգիաների հնարավոր արտահոսքի և չինական հետախուզության հետ համագործակցության մեջ կասկածվող կնոջ հետ իր ենթադրյալ կապերի հետաքննության շրջանակում, հայտնում է CBS News-ը։

Ավելի վաղ օրենսդիրները սպառնացել էին համագործակցությունից հրաժարվելու դեպքում նրան կանչել ծանուցագրով։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ֆլորիդայից հանրապետական Բրայան Մասթը լսումների ամսաթիվը հայտարարել է Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ջոն Մուլենարի և հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռիք Քրոուֆորդի հետ համատեղ։

«Ամերիկացիներն արժանի են պատասխաններ ստանալու այն մասին, թե պարոն Հուանգն ու Nvidia-ն ինչ դեր են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վտանգավոր սուբյեկտներին մեր ամենաառաջատար չիպերին հասանելիություն տրամադրելու գործում, ինչպես նաև այս սկանդալում չինական հետախուզության հնարավոր գործակալի դերի մասին»,- հայտարարել են օրենսդիրները։

Nvidia-ի գլխավոր իրավախորհրդատու Թիմ Թեթերը կամավոր համաձայնել է դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալ հանձնաժողովների առջև։ Կոնգրեսականները մտադիր են պարզել, թե Հուանգն ու Թեթերը ինչ դեր կարող էին ունենալ ԱՄՆ ազգային անվտանգության ենթադրյալ խախտման մեջ։

Օրենսդիրներն ի սկզբանե Nvidia-ի ղեկավարից պահանջել էին համաձայնել Գոհաբանության օրվանից հետո մասնակցել փակ հարցազրույցի՝ ցուցմունքների արձանագրմամբ։ Պատասխանի համար նրան ժամկետ էր տրվել մինչև նոյեմբերի 13-ի 20:00-ն, սակայն բանակցությունները շարունակվել են նաև սահմանված վերջնաժամկետից հետո։

Նոյեմբերի 12-ի նամակում կոնգրեսականները նախազգուշացրել էին, որ մերժման դեպքում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ծանուցագիր կուղարկի՝ Հուանգին պարտավորեցնելով ցուցմունք տալ հանձնաժողովի ընտրած ձևաչափով։ Մյուս հանձնաժողովները ևս իրենց իրավունք էին վերապահել ինքնուրույն պահանջելու նրա ներկայանալը։

Նոյեմբերի 4-ի նախնական դիմումում օրենսդիրները տեղեկություններ էին խնդրել օտարերկրյա հակառակորդների կողմից արդյունաբերական լրտեսությունը կանխելուն ուղղված՝ Nvidia-ի անվտանգության միջոցառումների, ինչպես նաև Հուանգի և սինգապուրյան Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիսա Հուանգի փոխհարաբերությունների մասին։ Նա Nvidia-ի ղեկավարի ազգականը չէ։

Տվյալների մշակման կենտրոնների ոլորտում գործող Megaspeed-ը հասանելիություն է ստացել Nvidia-ի մեծ պահանջարկ ունեցող չիպերին, որոնց արտահանումը Չինաստան արգելված է ամերիկյան օրենսդրությամբ։ ԱՄՆ-ում և Սինգապուրում հետաքննում են կասկածներն այն մասին, որ ընկերությունն այդ պրոցեսորները մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Չինաստան։ Megaspeed-ում հերքում են մեղադրանքները։

«Չափազանց կարևոր է, որ Կոնգրեսը պարզի, թե որքան լուրջ սպառնալիքի է ենթարկվել ԱՄՆ ազգային անվտանգությունը»,- ընդգծել են օրենսդիրները Հուանգին ուղղված առաջին նամակում։