Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Թեհրանի հետ դիմակայությունում իր պարտությունը և հեռանա Մերձավոր Արևելքից, քանի դեռ շատ ուշ չէ, հայտնում է Mehr-ը։

Ըստ նրա՝ երկու երկրների միջև հակամարտությունը հիմնարար բնույթ է կրում, իսկ հնարավոր ագրեսիային Իրանի պատասխանը չի սահմանափակվի մեկ պետության տարածքով։

Ալի Նիքզադը նշել է, որ Վաշինգտոնը պետք է դուրս բերի իր ուժերը տարածաշրջանից, ինչպես ավելի վաղ հեռացավ Աֆղանստանից և Իրաքից։

«ԱՄՆ-ը, իր հայրենիքից հեռանալով, հաղթահարել է մոտ 13 հազար կիլոմետր և եկել այս տարածաշրջան։ Այժմ, ինչպես նախկինում հեռացան Աֆղանստանից և Իրաքից, նրանք պետք է վերադառնան տուն»,- ասել է նա։

Նիքզադի համոզմամբ՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ վերաբերմունքի հարցում ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև սկզբունքային տարբերություն չկա։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակասությունները հիմնարար բնույթ են կրում և կախված չեն նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության ղեկին։

Պատգամավորը հայտարարել է նաև, որ ցանկացած ագրեսիային Իրանի պատասխանը չի սահմանափակվի որոշակի աշխարհագրական տարածքով։ Նա նշել է, որ դրա մասին ավելի վաղ նախազգուշացրել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը։

Նա հիշեցրել է, որ հակամարտության մեկնարկից առաջ Թեհրանը նախազգուշացրել էր՝ ցանկացած երկիր, որն իր տարածքը, օդային տարածքը կամ ջրային տարածքը կտրամադրի Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, կարժանանա կոշտ պատասխանի։

Նիքզադը նշել է, որ Թեհրանն իրագործել է այդ նախազգուշացումը՝ հարվածներ հասցնելով նման երկրներում հակառակորդի դիրքերին։