ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում խափանվել է գաղտնի տեղեկատվության փոխանակման համար նախատեսված NSA Net ներքին ցանցը։

CNN-ի տվյալներով՝ խափանման մասին հայտնել են իրավիճակին ծանոթ վեց աղբյուրներ։ Ներկա պահին կիբերհարձակման նշաններ չեն հայտնաբերվել։

NSA Net ցանցը գերատեսչության աշխատակիցներն օգտագործում են պետական գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանված փոխանակման համար։ Մինչ մասնագետները պարզում են խափանման մասշտաբը, գործակալությունում աշխատակիցների՝ աշխատանքի ներկայանալու փուլային ժամանակացույց է սահմանվել, հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։

Ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաները հայտարարել են, որ խափանումը չի ազդի Ասիայում շրջագայող նախագահ Դոնալդ Թրամփին հրատապ հետախուզական տվյալներ փոխանցելու հնարավորության վրա։ Երեքշաբթի Թրամփը Ֆիլիպիններում է, իսկ հաջորդ օրը պետք է մեկնի Չինաստան՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։

Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ իշխանություններն ունեն մի քանի պահուստային համակարգեր և կապի այլընտրանքային պաշտպանված ուղիներ, որոնք հնարավորություն են ընձեռում կապ պահպանել նախագահի հետ նույնիսկ հիմնական ցանցի խափանման դեպքում։

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում խափանումը տեղի է ունեցել ամերիկյան ընկերություններին և պետական համակարգերին առնչված մի շարք խոշոր տեխնիկական խափանումների հետնապատկերին։

Ուրբաթ համակարգերի աշխատանքի լայնածավալ խափանման պատճառով ԱՄՆ-ում մի քանի ժամով դադարեցվել էին բոլոր ավիափոխադրումները։ Հազարավոր չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել էին։ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը խափանումը կապել էր Արկանզաս նահանգում գտնվող մեկ երթուղիչի հետ։

Անցյալ շաբաթ Microsoft-ի ծառայությունների աշխատանքի մեկ այլ լայնածավալ խափանում ամբողջ աշխարհում օգտատերերին զրկել էր Outlook էլեկտրոնային փոստից և Teams տեսակոնֆերանսների հարթակից օգտվելու հնարավորությունից։

Ներկայում չկան տվյալներ, որոնք վկայում են, որ Ազգային անվտանգության գործակալությունում, ավիացիոն գերատեսչությունում կամ Microsoft-ում խափանումները կիբերհարձակումների հետևանք են եղել։ Սակայն տեղի ունեցածը կրկին ցույց տվեց, թե որքան լուրջ հետևանքներ կարող են ունենալ տեխնիկական խափանումները, ներառյալ՝ ազգային անվտանգության համար։