Ֆրանսիայում նոյեմբերի 17-ին համազգային գործադուլին և արհմիությունների ցույցերին 146 հազար մարդ է մասնակցել՝ երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով, հայտնում է TF 1 Info-ն։
CGT արհմիությունն իր հերթին մասնակիցների թիվը գնահատել է ավելի քան 500 հազար։ Ակցիաներ են անցկացվել մի շարք խոշոր քաղաքներում՝ պետական հատվածում աշխատավարձերը բարձրացնելու և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջներով։
Բողոքի ակցիաներին միացել են դպրոցականներ և ուսանողներ։ Արհմիությունները պահանջում են անհապաղ բարձրացնել աշխատավարձերը և վերանայել ինդեքսային դրույքաչափը, որի հիման վրա հաշվարկվում են պետական ծառայողների բազային աշխատավարձերը։ Նրանք պնդում են, որ 2017 թվականից ի վեր պետական հատվածի աշխատողների գնողունակությունը նվազել է 16%-ով։
Կառավարությունն առաջարկել է դեկտեմբերի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև ավելացնել ցածր վարձատրվող պետական ծառայողներին տրվող վճարումները։ Սակայն արհմիություններն այս միջոցառումները բավարար չեն համարում։ 2027 թվականի բյուջեի նախագծում իշխանություններն արդեն չորրորդ տարին անընդմեջ պետական ծառայողների աշխատավարձերի համընդհանուր բարձրացում չեն նախատեսել՝ վկայակոչելով պետական ֆինանսների վիճակը։
Փարիզում, ոստիկանության վարչության տվյալներով, Ազգի հրապարակից մինչև Իտալիայի հրապարակ երթին մասնակցել է 28 հազար մարդ։ CGT-ն և Իլ դը Ֆրանսի արհմիութենական կազմակերպությունները հայտարարել են մայրաքաղաքում 175 հազար մասնակցի մասին։
Ընդհանուր առմամբ, մի շարք քաղաքներում ակցիաներն համեմատաբար հանգիստ են անցել, սակայն միջադեպերից լիովին խուսափել չի հաջողվել։ Լիոնում հաղորդվել է ոստիկանության և ագրեսիվ տրամադրված խմբերի միջև բախումների, ինչպես նաև Լյուդովիկոս XIV-ի հուշարձանի պատվանդանին արված գրությունների մասին։ Իլ դը Ֆրանսի տարածաշրջանում անկարգություններն ընդգրկել են շուրջ 30 ուսումնական հաստատություն. երեք դպրոցական թեթև վնասվածքներ է ստացել։





























