Էկվադորական La Negra Francisca Duarte II ձկնորսական նավի անձնակազմը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ ամերիկյան կողմին մեղադրելով պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարքերով հարձակում իրականացնելու մեջ։ Մարտի 17-ին հասցված հարվածի հետևանքով նավը խորտակվել է Գալապագոսյան կղզիների մոտ՝ Էկվադորի բացառիկ տնտեսական գոտում, հայտնում է CNN-ը։

Ձկնորսները 5 միլիոն դոլարի փոխհատուցում և Խաղաղ օվկիանոսում ու Կարիբյան ծովում նավերի դեմ ամերիկյան հարվածների դադարեցում են պահանջում։

Փենսիլվանիայի արևմտյան շրջանի դաշնային դատարան երկուշաբթի ներկայացված հայցի մասին երեքշաբթի հայտնել է ձկնորսների փաստաբան Խորխե Չիրիբոգա Դավալոսը։ Ամերիկացի իրավաբան Դեն Կովալիկի հետ համատեղ պատրաստված փաստաթղթում որպես պատասխանող նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Անձնակազմի անդամները պահանջում են փոխհատուցել հարձակման հետևանքով կրած տնտեսական կորուստներն ու առողջությանը հասցված վնասը։ Նավում գտնվող բոլոր ձկնորսները ողջ են մնացել, սակայն նրանցից ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել։

Կովալիկը հայտարարել է, որ փաստաբաններն ունեն հարձակմանն ԱՄՆ-ի առնչությունը հաստատող ապացույցներ։ Նա ասել է, որ հարվածից հետո ձկնորսներին մեկ այլ նավի վրա ձերբակալել են ԱՄՆ ռազմածովային ուժերի զինծառայողներն ու առափնյա պահպանության աշխատակիցները։ Իրավաբանը միաժամանակ պնդում է, որ հարձակմանը մասնակցած երկու անօդաչու թռչող սարքերից առնվազն մեկը պատկանել է ամերիկյան կողմին։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր իր առնչությունը միջադեպին։ CNN-ը հայցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունից և երկրի գլխավոր դատախազի գրասենյակից։

Վաշինգտոնն ընդունել է, որ Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում տասնյակ մահաբեր հարձակումներ է իրականացրել թմրանյութերի տեղափոխման մեջ կասկածվող նավերի դեմ։ Սակայն այդ գործողությունների շարքում La Negra Francisca Duarte II-ին հասցված հարվածը պաշտոնապես չի ընդունվել։

Մարտի սկզբին Պենտագոնը հայտնել էր Էկվադորի տարածքում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների դեմ չմանրամասնված գործողություններ սկսելու մասին։ Կովալիկն ընդգծել է, որ Վաշինգտոնի և Կիտոյի միջև ռազմական համագործակցության համաձայնագրերը չեն կարող արդարացնել այն գործողությունները, որոնք նա որակել է որպես սպանության փորձ։

Փաստաբանը պնդում է, որ ձկնորսները թմրանյութերի մաքսանենգությամբ չեն զբաղվել։ Նրա տվյալներով՝ հարձակումից մի քանի ժամ առաջ նավը ստուգել են Էկվադորի ռազմածովային ուժերի զինծառայողները և խախտումներ չեն հայտնաբերել։

Մարտի 17-ի հարձակումն այս տարվա սկզբին էկվադորական ձկնորսական անձնակազմերի մասնակցությամբ տեղի ունեցած երեք չպարզաբանված միջադեպերից մեկն էր։ Ներկայիս հայցը ներկայացվել է միայն La Negra Francisca Duarte II-ի անձնակազմի անունից։

Չիրիբոգան հայտնել է նաև, որ պաշտպանական կողմը դատարանին կխնդրի ստուգել հարձակմանը ԿՀՎ-ի հնարավոր առնչությունը։ Ավելի վաղ The Washington Post պարբերականը հայտնել էր ԿՀՎ-ի գաղտնի ծրագրի գոյության մասին, որը, ենթադրաբար, կարող էր առնչություն ունենար Գալապագոսյան կղզիների մոտակայքում նավերի դեմ առեղծվածային հարձակումներին։