Եգիպտոսի Շարմ էլ Շեյխից Քիշնև չվերթն իրականացնող FlyOne ավիաընկերության ինքնաթիռը մոտ 30 րոպե պտտվել է Մոլդովայի և Ռումինիայի սահմանի մոտ, երբ հայտնաբերված անօդաչուների պատճառով ժամանակավորապես փակվել է երկրի օդային տարածքը։ Իրավիճակի մասին հայտնել են Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից, հաղորդում է NewsMaker-ը։

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով 16:27-ին, Մոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է ենթադրաբար ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումից հետո։

FlyOne-ի ինքնաթիռն ուղղորդվել է Ռումինիայի սահմանի մոտ գտնվող անվտանգ գոտի, որտեղ այն ավելի քան 3000 մետր բարձրության վրա սպասել է թռիչքը շարունակելու թույլտվությանը։ Միաժամանակ հայտնաբերված անօդաչուները գտնվել են մինչև 1000 մետր բարձրության վրա։

Ժամը 17:03-ին Մոլդովայի օդային տարածքի կենտրոնական հատվածը կրկին բացվել է քաղաքացիական ավիացիայի համար։ Դա երկու այլ ինքնաթիռների հնարավորություն է տվել շարունակել վայրէջքի մոտեցումը Քիշնևի միջազգային օդանավակայանում։

Ավելի վաղ Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Գերան-2» տիպի անօդաչուն Ուկրաինայի Օդեսայի մարզի կողմից երկու անգամ ապօրինի հատել է երկրի օդային սահմանը։ Ավելի ուշ Քիշնևի երկնքում հայտնաբերվել է Shahed տիպի անօդաչու թռչող սարքը, որն ուղղվել է դեպի մայրաքաղաքի Բոտանիկա վարչական շրջան։

Օդային տագնապի պատճառով ուշացել են նաև այլ միջազգային չվերթներ։ PRO TV Chișinău-ի տվյալներով՝ Շարմ էլ Շեյխից, Ստամբուլից և Երևանից մեկնած ինքնաթիռներն ի վերջո Քիշնևում վայրէջք են կատարել նախատեսված ժամից մոտ կես ժամ ուշ։