Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Շենչժենի օդանավակայանում դիմավորել են կարմիր գորգով և պատվո պահակախմբով։ Օդանավի սանդուղքի մոտ Ռուսաստանի առաջնորդին ողջունել են նաև Ռուսաստանի և Չինաստանի դրոշներով պատանիներ ու աղջիկներ, որոնք չինարեն միաձայն վանկարկել են՝ «Ջերմորեն ողջունում ենք», հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Պուտինի ինքնաթիռը երեքշաբթի վայրէջք է կատարել Բաոան միջազգային օդանավակայանում։ Ռուսաստանի նախագահը Չինաստան է ժամանել՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որի շրջանակում Շենչժենում նախատեսված է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը։
Շենչժենում Պուտինը տեղաշարժվում է չինական պետհամարանիշներով սև Aurus լիմուզինով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր գործակալությունը, Ռուսաստանի նախագահի մեքենայի վրա չինական համարանիշներ էին տեղադրվել նաև ՉԺՀ նրա նախորդ այցի ժամանակ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա բացատրել էր ընդունող կողմի կանոններով։




























