Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցային ճնշման միջոցով նրան մեկուսացնելու փորձերը ձախողվել են, իսկ երկիրն արժանապատվորեն հաղթահարել է այդ փորձությունները։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի գործարար համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ տնտեսական գերիշխանության և հարկադրանքի նախկին գործիքներն այլևս չեն գործում։ Թեև պատժամիջոցներն ու մաքսատուրքերը դեռևս որոշակի զսպող ազդեցություն ունեն, դրանք այլևս ի վիճակի չեն կործանել մրցակից երկրների տնտեսությունները։ Միևնույն ժամանակ, ավելացված արժեքի շղթաներում արհեստական խոչընդոտների ստեղծումն առաջին հերթին հարվածում է հենց սահմանափակումների նախաձեռնողներին։ Մասնավորապես, Եվրամիությունը բախվում է գնաճի աճի, բյուջեի պակասուրդի և արդյունաբերական ներուժի կորստի հետ։
«Ընդհակառակը, արտաքին ճնշումը մեծ խթան դարձավ Ռուսաստանի համար։ Այն մեզ մղեց հետևողականորեն ամրապնդելու տեխնոլոգիական ինքնիշխանությունը, բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը, արդիականացնելու արտադրական հզորությունները, յուրացնելու առաջատար արտադրանքի թողարկումը և ներքին շուկան հագեցնելու որակյալ հայրենական արտադրանքով»,- ասել է Պուտինը։
Նա ներկայացրել է նաև մակրոտնտեսական ցուցանիշներ՝ նշելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 10 տոկոսով, գործազրկության մակարդակը պահպանվում է 2,3 տոկոսի սահմաններում, իսկ պետական պարտքը չի գերազանցում 17 տոկոսը։ Բացի այդ, էական փոփոխություններ են տեղի ունեցել արտաքին առևտրի հաշվարկներում օգտագործվող արժույթների կառուցվածքում։ Մասնավորապես, ռուսական արտահանման դիմաց վճարումներում դոլարի և եվրոյի մասնաբաժինը 2021 թվականի 85 տոկոսից ներկայումս նվազել է մինչև 9 տոկոս։
Դիանա Առուշանյան, Շենժեն




























