Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընդհանուր բարեկեցության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև վճռականորեն պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգը։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Շենժենում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ հենց երկարատև կայունությունն է հնարավորություն տվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությանը պահպանել աճի դրական միտումները և դառնալ համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Չինաստանի առաջնորդն ընդգծել է, որ արտաքին բարդ իրավիճակում տարածաշրջանի երկրները պետք է նպաստեն հավասար և կանոնակարգված բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, ինչպես նաև ներառական գլոբալացմանը։
«Անհրաժեշտ է հետևողականորեն լուծել տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով, մարտահրավերներին դիմակայել միասնականության և համագործակցության շնորհիվ՝ ամուր հիմք ստեղծելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության համար»,- ասել է Սի Ծինփինը։
Բացի այդ, նա կողմ է արտահայտվել Ասիա-խաղաղօվկիանոսյան ազատ առևտրի գոտու ստեղծմանը, մաքսային համակարգի թվայնացմանը և անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացմանը։
Չինաստանի նախագահն առանձին նշել է նաև «Մեծ ծոցի տարածաշրջանների տնտեսական համագործակցության համաշխարհային դաշինքի» ստեղծման նախաձեռնությանը սատարելու մասին։
Դիանա Առուշանյան, Շենժեն





























