2027 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի ողջ տարածքում կգործի աննախադեպ մասշտաբի միասնական արտոնյալ ռեժիմ։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով, նոր մեխանիզմի հիմնական նպատակը ներդրումների խթանման միասնական և համալիր մոտեցման ներդրումն է։ Բացի այդ, այդ տարածքում կսահմանվի հատուկ իրավական ռեժիմ, որը հնարավորություն կտա արագ և առանց խոչընդոտների փորձարկել նորագույն տեխնոլոգիաներն ու մշակումները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը, արդյունաբերական ռոբոտներն ու արհեստական բանականությունը։

«Վստահ եմ, որ ԱԽՏՀ անդամ երկրների գործարար շրջանակներն ու ներդրողները լիարժեք կգնահատեն ռուսական շուկայում բացվող հնարավորությունները և, անկասկած, կօգտվեն դրանցից, այդ թվում՝ իրենց նորարարական լուծումները փորձարկելու համար»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նաև հայտնել է, որ երկիրը հայտ է ներկայացրել 2035 թվականին ԱԽՏՀ-ում նախագահելու համար և հույս ունի, որ համաժողովի գործընկերները կաջակցեն այդ նախաձեռնությանը։

Դիանա Առուշանյան, Շենժեն