Այսօր` մայիսի 30-ին, ուշ երեկոյան կստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, երկու կուսակցությունները կվերահաստատեն, որ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հարցին, թե արդյոք ՕԵԿ-ին լրացուցիչ պորտֆելներ կտրվե՞ն նոր կառավարությունում, Շարմազանովը բացասական պատասխան տվեց (ներկայումս ՕԵԿ-ն ունի 3 նախարարական պորտֆել-խմբ): ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ դեռ պարզ չէ, թե արդյոք ՕԵԿ-ին բաժին կհասնեն հենց այն պորտֆելնե՞րը, որոնք նա ունի այսօր:

Ինչ վերաբերում է վարչապետի եւ նախարարների թեկնածություններին, ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ այդ հարցը չի քննարկվել, սակայն նկատեց, որ կառավարության կազմն էական փոփոխություններ չի կրի:

Նրա խոսքով, կառավարության կազմի հարցը կքննարկվի ՀՀԿ գործադիր մարմնի հաջորդ նիստի ժամանակ: