ԱՄՆ վարչակազմը Իրանի կողմից Վաշինգտոնի վրա հնարավոր հարձակման նախապատրաստման նշաններ չի տեսնում։ Այս մասին Մանիլայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես նույնիսկ չեմ մեկնաբանի այդ հաղորդագրությունները, քանի որ չեմ պատկերացնում, թե ինչ աղբյուր է ձեզ նման տեղեկություն փոխանցում», - հայտարարել է Ռուբիոն։ «Եթե խոսքը հետախուզական տվյալների մասին լիներ, ապա դրանք գաղտնի կլինեին», - հավելել է նա։
«Համոզված եմ, որ մեր համակարգերը թույլ են տալիս նախապես բացահայտել նման բաները։ Չեմ կարծում, թե որևէ անմիջական սպառնալիք կա», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ այդ մասին ԶԼՄ-ների հաղորդումները իրեն չեն անհանգստացնում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման դեպքում Միացյալ Նահանգները աննախադեպ հզորության պատասխան հարվածներ կհասցնի։
Նոյեմբերի 16-ին CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր պայթեցման ծրագրեր է մշակում, որի թիրախները կարող են դառնալ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Իրանի ԱԳՆ-ում, մեկնաբանելով հրապարակումը, հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը, անհիմն հաղորդումներ տարածելով, այդ թվում՝ Թեհրանի կողմից իբր «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին, տեղեկատվական հող են նախապատրաստում երկրի դեմ նոր ագրեսիայի համար։





























