Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Յաշար» կուսակցության անդամ Մատան Կահանան ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի խորհրդարանի) խոսնակ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 120 պատգամավորից 66-ը։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը։
Իր ողջույնի խոսքում Կահանան Իսրայելի ժողովրդին հաշտության կոչ է արել՝ ընդգծելով, որ մտադիր է ներկայացնել Իսրայելի բոլոր քաղաքացիներին։ «Յաշարի» ղեկավար Գադի Այզենկոտը ողջունել է նրա ընտրությունը՝ կարծիք հայտնելով, որ դա նոր էջ կբացի երկրի պատմության մեջ։
Հոկտեմբերի 27-ին Իսրայելում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը 27 մանդատով զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է առաջատար ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունը՝ ստանալով 21 տեղ։ Նոյեմբերի 8-ին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Այզենկոտին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն՝ Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների արդյունքներով։ Նրանց մեծամասնությունը պետության ղեկավարին առաջարկել էր «Յաշար» կուսակցության ղեկավարի թեկնածությունը։ Այդ պահից, օրենսդրության համաձայն, սկսվել է 28 օրվա հետհաշվարկը, որի ընթացքում Այզենկոտը պետք է ստանա Քնեսեթի պատգամավորների մեծամասնության աջակցությունը՝ իշխող կոալիցիա ձևավորելու համար։ Եթե սահմանված ժամկետում նրան չհաջողվի դա անել, օրենքը նախատեսում է այդ ժամկետը ևս 14 օրով երկարաձգելու հնարավորություն։ Իսկ եթե կոալիցիան այդպես էլ չձևավորվի, կառավարություն ձևավորելու մանդատը կփոխանցվի մեկ այլ հավակնորդի, որը դրա համար կունենա 28 օր՝ առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության։





























