Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ:
Կոալիցիոն նոր հուշագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները,
Կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրած քաղաքական համագործակցության շարունակականությունը,
Նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրների նախաձեռնողական եւ նորարական մոտեցումներով լուծելու ուղղությամբ,
Երաշխավորելու համար ՀՀ հաստատուն եւ առաջընթաց զարգացումը, ներհասարակական, սոցիալական գործունեության եւ համերաշխության ամրապնդումը, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ քաղաքական կոալիցիայի կողմեր), կազմավորում են քաղաքական կոալիցիա, որն ստանձնում է Հայաստանի հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:
Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են գործել ստորագրված համաձայնագրի շրջանակներում, իրականացնելով միասնական քաղաքականություն միմյանց հետ սերտ համագործակցության, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները երկրում եւ արդյունավետ իրականացնել իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրագիրը:
Հիշեցնենք, որ մինչեւ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները գործող կոալիցիայի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն գտնում կոալիցիայի ստեղծումը:




























