Ազգային ժողովի դիմաց այսօր՝ նոյեմբերի 18–ին, բողոքի ակցիա է կազմակերպել Մարտական եղբայրություն միաբանություն-Ազգային հեղափոխություն կուսակցությունը։

Նրանք ձեռքներին ունեն պաստառներ՝ «Անկախությունը շարունակական պայքար է», «Ես եմ ռևանշիստը», «Անբովանդակ, միաբովանդակ ԱԺ», «Չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում» և այլն։

Մարտական եղբայրություն միաբանությունից Մասիս Շիրոյանն իր խոսքում նշեց. «Ազգային Հեղափոխություն կուսակցությունը և մարտական եղբայրություն միաբանությունը տևական ժամանակ ծավալում է ընդդիմադիր քաղաքական գործունեություն և ֆիքսում է, որ մեր հետևում գտնվող շենքում կա միայն իշխանություն, Նոյեմբերի 9–ի իշխանությունն է այս պահին Հայաստանում գործում։ Հինգ տարուց ավելի արդեն Մարտական եղբայրություն միաբանությունը ծավալում է իր գործունեությունը և ֆիքսում, թե ինչ մարտահրավերներ կան Հայաստանի Հանրապետության առջև ծառացած և առաջարկում է սեփական լուծումները, որոնք տարբերվում են նոյեմբերի 9– կուսակցության լուծումներից։

Այս պահին Ադրբեջանի և առհասարակ արտաքին աշխարհի կողմից տարվում է Հայաստանի կազմալուծման ծրագիրը: Ի տարբերություն քաղաքական դաշտում գործող բազմաթիվ կուսակցությունների և պառլամենտում գտնվող իշխող ուժի, Մարտական եղբայրություն միաբանությունն առաջարկում է դիմադրության ճանապարհը:

Մենք ոչ միայն սխալ ենք համարում նոյեմբերի 9–ի պայմանագիրը, այլ նաև մյուս ուժերի առաջարկները, որոնք ասում էին, որ պետք էր հանձնվել հոկտեմբերի 19-ին։ Բոլորը խոսում են հանձնվելու օրակարգի շուրջ, ոչ ոք չէր խոսում այն մասին, որ Հայաստանը պետք է պայքարը շարունակեր և չհանձնվեր։ Հանուն արդարության, այդ մասին խոսել է միայն ԱԺԲ–ն։

Այս պահի դեպքում, պառլամենտում գտնվող պատգամավորները կարող են իջնել և ասել՝ ոչ, այդպես չէ, մենք պայքարի կողմնակիցներ ենք եղել և ցանկանում ենք պայքարը շարունակել։ Իրենք միշտ գուժել են, որ Հայաստանը չի կարող պատերազմել Ադրբեջանի դեմ, մենք թույլ ենք, պետք էր համաձայնվել Լավրովի պլանին հոկտեմբերի 19-ին։

Չնայած ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4–րդ օրը զեկուցել էր Փաշինյանին, որ մեր զինված ուժերը չեն կարող պատերազմել, դրան ի պատասխան 10-րդ օրը ադրբեջանական ամբողջ գենշտաբը փոխվում է, որովհետև ադրբեջանական գենշտաբը իր առջև դրած խնդիրը չէր կարողացել իրականացնել։ Այստեղ քանդվում է Հայաստանի պարտությունը գուժող մարդկանց բոլոր թեզերը։ Եթե կա պատգամավոր, որ կողմ է իմ ասածներին, ինքը պետք է այս պահին դուրս գա և հայտարարի, որ միանում է պայքարի դիմադրության։

Այո, մենք չենք խորշում և ասում են՝ մենք ռևանշիստ ենք։ Մենք պայքարող ենք, ու մենք չենք փորձում ամեն հնարավորն անել, որպեսզի հանձնվենք Ադրբեջանի պահանջներին և Ադրբեջանի գերակայությանը»,– հայտարարեց Շիրոյանը։

Նա նկատեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նոյեմբերի 9–ի համաձայնագրին կողմ են. «Բոլորով վեց տարի շարունակ ժողովրդին հիմարացնելով, փողոց են հանում, տուն ուղարկում, փողոց են հանում, տուն ուղարկում, ոչ մի առաջընթաց չկա։ Միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրանից ուժեղանում է, Նիկոլ Փաշինյանը դառնում է արդեն դիկտատոր ու զիջումներն է մեծացնում Հայաստանի Հանրապետության հաշվին»։