Նոյեմբերի 18-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանի վրա։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով երկու ձեռնարկություններում հրդեհներ են բռնկվել։ ԱԹՍ-ների բեկորներ են հայտնաբերվել նաև ինը հասցեներում՝ առանձնատների բակերում և փողոցներում։ Տուժել է չորս մարդ, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ուկրաինական Exilenova+ մշտադիտարկման ալիքի տվյալներով՝ հարվածների են ենթարկվել Աֆիպսկի և Իլսկի նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ)։ Այս տեղեկությունը հաստատում են նաև Astra-ի աղբյուրները, որոնց տվյալներով՝ երկու ձեռնարկություններում էլ հրդեհներ են բռնկվել։
Աֆիպսկի ՆՎԳ-ն Կրասնոդարի երկրամասի երեք և Ռուսաստանի հարավի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Այն կարող է տարեկան վերամշակել ավելի քան 7 մլն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին և այլ նավթամթերքներ՝ աշխատելով բացառապես արտահանման համար։ Ձեռնարկության վրա այս հարձակումը տարեսկզբից ի վեր ութերորդն էր, իսկ նոյեմբերին՝ երկրորդը։ Նախորդ անգամ անօդաչուները գործարանին հարվածել էին նոյեմբերի 6-ին։
Իլսկի ՆՎԳ-ն նույնպես Կրասնոդարի երկրամասի երեք խոշորագույն նավթավերամշակման գործարանների թվում է։ Տարեկան շուրջ 6,6 մլն տոննա նավթի վերամշակման հզորություն ունեցող ձեռնարկությունն արտադրում է բենզին, դիզելային վառելիք և այլ նավթամթերքներ։ Գործարանը նախորդ անգամ անօդաչուների հարձակման էր ենթարկվել նոյեմբերի 16-ին։ Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) գլխավոր շտաբը պնդում էր, որ այդ հարձակման հետևանքով խոցվել են նավթի մթնոլորտային թորման երեք կայանքներ։
ՈւԶՈւ-ն հոկտեմբերի վերջին վերսկսել է հարվածները ռուսական ՆՎԳ-ների ուղղությամբ և վերջին շաբաթների ընթացքում հարձակվել 35 գործարաններից շուրջ 10-ի վրա։ Մասնավորապես, հարվածների են ենթարկվել Նովոկույբիշևսկի, Ռյազանի, Աֆիպսկի, Սարատովի, Յարոսլավլի, Օմսկի, Նիժնի Նովգորոդի, Ուֆայի և Կիրիշիի ՆՎԳ-ները։ Reuters-ին իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով հումքի վերամշակման ընդհանուր ծավալը հոկտեմբերի վերջի համեմատ կրճատվել է 30%-ով։ Նրանց գնահատմամբ՝ հոկտեմբերի վերջին ՆՎԳ-ներն օրական վերամշակում էին շուրջ 700 հազար տոննա՝ 5 մլն բարել հումք, իսկ նոյեմբերի կեսերին այդ ցուցանիշը նվազել է մինչև օրական 500 հազար տոննա։
Նավթավերամշակման նոր ճգնաժամն արդեն հանգեցրել է բենզալցակայաններում վառելիքի պակասի առնվազն ութ տարածաշրջաններում, որտեղ բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցվել։ Սահմանափակումներ են գործում Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Արխանգելսկի, Նովոսիբիրսկի և Պենզայի մարզերում, ինչպես նաև Կարելիայում ու Բուրյաթիայում։ Մոսկվայում «Ռոսնեֆտի» լցակայաններում կրկին սահմանաչափեր են գործում՝ մեկ ավտոմեքենայի համար ոչ ավելի, քան 50 լիտր վառելիք, իսկ տարայի մեջ լիցքավորելու դեպքում՝ ոչ ավելի, քան 20 լիտր։




























