Գործարար, Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշներն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը պետք է ժամանեին Չինաստան, սակայն նրանք այժմ զբաղված են եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններով։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ նախագահի՝ արտաքին տնտեսական և ներդրումային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

«Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները պետք է լինեին ամերիկյան պատվիրակության կազմում, բայց այժմ նրանք աշխատում են եվրոպացի գործընկերների հետ՝ պարզաբանելով եվրոպական անվտանգության հնարավոր կառուցվածքը»,— նշել է նա։

Դմիտրիևի խոսքով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովից դուրս աշխատանքները շարունակվում են, թեև «ողջ ուշադրությունը, անկասկած, սևեռված է» չինական Շենժենում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա նաև ընդգծել է, որ եվրոպական անվտանգությանն առնչվող մոտեցումների շուրջ բանակցությունների շարունակականությունը խիստ կարևոր է, ինչի պատճառով էլ Ուիթքոֆն ու Քուշները չեն միանա գագաթնաժողովին։

Նույն օրը Դմիտրիևը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները շարունակում են հավատարիմ մնալ այն քաղաքական կուրսին, որը խոչընդոտում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ անտեսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի խաղաղարար նախաձեռնությունները։