Ազգային ժողովի դիմաց այսօր՝ նոյեմբերի 18–ին, բողոքի ակցիա է կազմակերպել Մարտական եղբայրություն միաբանություն-Ազգային հեղափոխություն կուսակցությունը։

Նրանք ձեռքներին ունեն պաստառներ՝ «Անկախությունը շարունակական պայքար է», «Ես եմ ռևանշիստը», «Անբովանդակ, միաբովանդակ ԱԺ», «Չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում» և այլն։

Կուսակցության անդամ Արմեն Սաղաթելյանն իր խոսքում նշեց. «Այսօր մեզ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է։ Մենք երբեք չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, համաձայն չենք փակել Արցախի հարցը, զիջել արցախահայության իրավունքները։ Նույնիսկ հիմա՝ Արցախի հայաթափումից հետո մենք դեռ ներուժ ունենք արցախահայության իրավունքները միջազգային հարթակներում բարձրաձայնելու, հարցը բաց պահելու համար։ Մենք պատրաստ ենք շարունակել պայքարն այդ ուղղությամբ»,-ասաց նա։