Patriot զենիթային հրթիռների արտադրության ծավալներն ավելացնելու համար Պենտագոնին անհրաժեշտ է մեծացնել ածխածնացված վիսկոզի մատակարարումները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ այս տարվա սկզբին Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հրատապ բանակցություններ է վարել մատակարարման շղթայում ընդգրկված վիսկոզ արտադրողներից մեկի հետ։ Անհրաժեշտ էր ավելացնել հենց ածխածնացված վիսկոզի մատակարարումները, քանի որ այդ նյութը դիմանում է հազարավոր աստիճանների հասնող ջերմաստիճանին և կենսական նշանակություն ունի Patriot հրթիռների նորագույն տարբերակների արտադրության համար։
Նյութը մշակվում է Park Aerospace ընկերության՝ Կանզաս նահանգում գտնվող գործարանում։ Քանի որ Patriot հրթիռների պաշարներն արագ նվազում են, Պենտագոնի ներկայացուցիչը ընկերությունից պահանջել է ավելացնել վիսկոզի մատակարարման ծավալը՝ հրթիռների արտադրությունն ընդլայնելու համար։ Սակայն պարզվել է, որ ընկերությունն ի վիճակի չէ դա անել։
Խնդիրը ոչ թե Կանզասի գործարանում էր, այլ Ֆրանսիայում գործող մատակարար ընկերությունում։ Հենց այնտեղ է Park Aerospace-ի մատակարարը՝ տիեզերական և բալիստիկ հրթիռներ արտադրող ArianeGroup ընկերությունը, պատրաստում ածխածնացված վիսկոզը, որն այնուհետև ուղարկվում է ԱՄՆ՝ հետագա մշակման։
Ինչպես նշում է պարբերականը, ArianeGroup-ում անմիջապես հասկացրել են, որ մատակարարման հնարավորությունները սահմանափակ են։ Թեև Պենտագոնը սովոր է գործել ուժի դիրքերից և հասնել իր ուզածին, Park Aerospace-ի գլխավոր տնօրեն Բրայան Շորը վստահ է եղել, որ ArianeGroup-ի դեպքում այդ մոտեցումը չի աշխատի, գրում է թերթը։
«Սա ֆրանսիական ընկերություն է, — հարցազրույցում նշել է Շորը։ — Նրանց վրա հնարավոր չէ ճնշում գործադրել. նրանք պարզապես կդադարեցնեն համագործակցությունը»։
Աղբյուրներն ընդգծում են, որ Patriot հրթիռների համար բավարար քանակությամբ վիսկոզ հայթայթելու դժվարությունները ցույց են տալիս, թե ինչ խնդիրների է բախվում ԱՄՆ-ն առանցքային նշանակության զինամթերքի արտադրությունն արագ ընդլայնելիս։ Մատակարարման շղթաներում առկա խոցելի օղակների պատճառով նույնիսկ մեկ-երկու բաղադրիչի պակասը կարող է կաթվածահար անել ամբողջ գործընթացը։ Շատ դեպքերում այդ բաղադրիչներն ԱՄՆ են հասնում արտերկրից՝ ընկերությունների բարդ ցանցերի միջոցով, իսկ ամերիկյան պատրաստի համարժեքները կա՛մ բացակայում են, կա՛մ հասանելի են խիստ սահմանափակ քանակությամբ։




























