Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդելմահիդ Մահմուդն այսօր` մայիսի 30-ին, նոր մեղադրանքներ է առաջադրել Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների` Ալյայի եւ Գամալի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Մուբարաքի որդիներին եւ եւս 7 գործարարների մեղադրում են բորսայում իրենց պատկանող ընկերությունների բաժնետոմսերի հետ կապված մեքենայությունների մեջ, որի արդյունքում, ըստ հետաքննության տվյալների, նրանք անօրինականորեն 2 մլրդ եգիպտական ֆունթի (շուրջ 330 մլն դոլար) ֆինանսական միջոցներ են ձեռք բերել:

Գործը քննելու է Կահիրեի քրեական դատարանը:

Նշենք, որ արդեն հունիսի 2-ին ուղիղ եթերում կներկայացվի Հոսնի Մուբարաքի դատավճիռը:

Գահընկեց արված նախագահ Մուբարաքի դեմ դատական գործընթացն սկսվել է 2011-ի օգոստոսի 3-ին: Դատաքննության ընթացքում տեղի է ունեցել 45 դատական նիստ: