Կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության երկարաժամկետ զարգացմանը հատկացվել է ծախսերի ընդամենը 0,5%-ը։ Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա այն անվանել է սպառողական բյուջե, այլ ոչ թե ապագայի կառուցման բյուջե։ «Բյուջեի պակասուրդը կկազմի 1,3 մլրդ դոլար», - նշել է Կարապետյանը։ Նա ընդգծել է տնտեսության այն ճյուղերի զարգացման և այնպիսի աշխատատեղերի ստեղծման կարևորությունը, որոնք ապահովում են ավելացված արժեք, զարգացնում տեղական արտադրությունը և միտված են արտահանմանը։ «Մեր ամենագլխավոր առաջարկն արդյունաբերականացումն է», - հավելել է Կարապետյանը։