Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադարձնել «1997 թվականի սահմաններին»՝ Կալինինգրադի մարզից իր զորքերը դուրս բերելու դիմաց։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այդ գաղափարը եվրոպացի դաշնակիցներին ներկայացրել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները՝ պնդելով, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ։ ԵՄ առաջնորդները մերժել են առաջարկը, սակայն համաձայնել են ռուսական կողմի հետ անվտանգության հարցերով տեխնիկական բանակցություններ անցկացնել։

Ավելի վաղ The Telegraph-ի աղբյուրները հայտնել էին, որ Պուտինն առաջարկել է խաղաղ գործընթացում ներգրավել Եվրոպայի ներկայացուցիչներին՝ քննարկելու ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու հարցը։ Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակությունը պատերազմն ավարտելու համար պահանջել է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայությունն այն երկրներում, որոնք անդամակցել են դաշինքին 1997 թվականից հետո։

Մոսկվայի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է կրճատի համագործակցությունն Ուկրաինայի և հետխորհրդային մյուս պետությունների հետ։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունն այդ պահանջները ներկայացրել է որպես Ռուսաստանի համար «անվտանգության երաշխիքներ»։

Մոսկվան նմանատիպ պայմաններ դաշինքին առաջադրել էր նաև 2021 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից շաբաթներ առաջ։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այն ժամանակ ՆԱՏՕ-ից պահանջել էր «հավաքել իրերը»՝ դաշինքին մեղադրելով Ռուսաստանին իբր «հետ մղելու» և «ենթակայի դերի մեջ դնելու» ձգտման մեջ։

The Telegraph-ի աղբյուրներն ընդգծում էին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար նման պայմաններն անընդունելի են։ «1997 թվականի սահմաններին» վերադառնալը ենթադրում է առնվազն ՆԱՏՕ-ի զորքերի և սպառազինության դուրսբերում դաշինքի 32 անդամ երկրներից 16-ի տարածքից։ Դրանց թվում են Վարշավյան պայմանագրի կազմակերպության բոլոր նախկին անդամները, Բալթյան երկրները, նախկին Հարավսլավիայի վեց հանրապետություններից չորսը, ինչպես նաև Ալբանիան, Ֆինլանդիան և Շվեդիան։

ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 10-րդ հոդվածն ամրագրում է «բաց դռների» քաղաքականությունը։ Դաշինքին կարող է միանալ եվրոպական ցանկացած պետություն, որը բավարարում է պայմանագրի պահանջները՝ սեփական ցանկությամբ և գործող բոլոր անդամների համաձայնությամբ։ Այդ գործընթացին երրորդ կողմի միջամտություն նախատեսված չէ։