2026 թվականի օգոստոսի 26-ին Հիմալայներում՝ մոտ 5200 մ բարձրության վրա, փլուզվել է ապարների և սառույցի հսկայական զանգված։ Մի քանի րոպեում այն վերածվել է բեկորների ու ջրի հոսքի, որը սլացել է դեպի Նեպալի և Տիբեթի սահմանը։ Այս իրադարձության առաջացրած սեյսմիկ ազդանշանները սկզբում ընդունել են որպես երկրաշարժ, գրում է The Conversation հանդեսը։

Սառցադաշտերի նահանջն ու հավերժական սառցույթի հալոցքը կարող էին նպաստել լեռնալանջերի կայունության կորստին։ Այս աղետն ակնառու ցույց է տալիս, թե որքան արագ կարող են փոխվել անսասան թվացող վայրերը։ Նման փոփոխություններն անդրադառնում են ոչ միայն մարդկանց կյանքի, այլև գրականության մեր ընկալման վրա։

«Մեզ շրջապատող ծովը» (1951) գրքում կենսաբան Ռեյչել Քարսոնը հիշեցնում էր, որ ցամաքի և ծովի սահմանը միշտ փոփոխվել է. Երկրի պատմության ընթացքում օվկիանոսները մերթ առաջ են շարժվել, մերթ՝ նահանջել։ Սակայն այսօր այդ գործընթացներն արագանում են, ընդ որում՝ դրանցում էական դեր է խաղում մարդու գործունեությունը։ 1993 թվականից ի վեր ծովի համաշխարհային միջին մակարդակը բարձրացել է մոտ 10 սմ-ով։

Արդյունքում գրական բնապատկերները նույնպես նոր իմաստ են ստանում։ Բրուքլինի լողափը, որը նկարագրված է Լորա Սիգալի «Թագավորության կեսը» ((Half the Kingdom, 2013) վեպում, ապագայում կարող է ջրի տակ հայտնվել։ Անգլիայից մինչև Շրի Լանկա ձգվող առափնյա շրջանները, որոնք Ֆիլիպ Հոարն ուսումնասիրում է «Ծովը ներսում» (The Sea Inside, 2013) գրքում, ևս խոցելի են ծովի մակարդակի բարձրացման հանդեպ։ Իսկ Ճավայի ծովի ավազածանծաղուտները, որտեղ ծավալվում է Ջոզեֆ Կոնրադի «Յոթ կղզիների Ֆրեյան» (Freya of the Seven Isles, 1912) վիպակի գործողությունը, գուցե արդեն անցել են ջրի տակ։

Կլիմայի փոփոխությունն ազդում է նույնիսկ այն բանի վրա, թե ինչպես ենք կարդում դասական ստեղծագործությունները։ Թեոդոր Շտորմի՝ 1888 թվականին հրատարակված «Սպիտակ ձիով հեծյալը» (Der Schimmelreiter) վիպակում գլխավոր հերոսը՝ Հաուկե Հայենը, Հյուսիսային ծովի ափին պատնեշներ է կառուցում՝ հույս ունենալով դարերով պաշտպանել ցամաքը։

Սակայն ուժեղ ջրհեղեղը կասկածի տակ է դնում թե՛ նրա ինժեներական լուծումները, թե՛ բնության տարերքն իրեն ենթարկելու մարդու կարողությունը։ Այսօր մենք այլ կերպ ենք կարդում այս պատմությունը, քանի որ գիտենք, որ կլիմայական պայմաններն ու առափնագծերը փոխվում են։

Երբեմն փոփոխությունները կարող են հանգեցնել է՛լ ավելի անսպասելի արդյունքի. իրապաշտական ստեղծագործությունները կսկսեն ընկալվել որպես ֆանտաստիկա, քանի որ դրանցում նկարագրված վայրերը կդադարեն գոյություն ունենալուց։ Իսկ ֆանտաստիկ աշխարհները, ընդհակառակը, ընթերցողներին կարող են միանգամայն իրական թվալ։

Էդգար Ալան Պոյի «Արթուր Գորդոն Փիմի արկածների պատմությունը» (The Narrative of Arthur Gordon Pym of Nantucket, 1838) վեպում նկարագրված է Անտարկտիդայում բարեխառն կլիմայական գոտի։ Առաջին ընթերցողների համար սա ֆանտաստիկ պատկեր էր։ Բայց ինչպե՞ս կընկալեն այն մարդիկ հարյուր տարի անց։

Գրականությունը չի փոխարինում կլիմայագիտությանը և չի կանխատեսում ապագան։ Այն պահպանում է վայրերի պատկերներն ու կապում դարաշրջաններ, որոնք անհնար է ընդգրկել մեկ մարդկային կյանքի ընթացքում։ Նույնիսկ երբ իրական բնապատկերներն անհետանում են, գրքերում պատկերվածները մնում են անփոփոխ։ Փոխվում է միայն դրանց հանդեպ մեր հայացքը։