Հայաստանի տարածքում 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծում նախատեսող «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի տեխնիկական պարամետրերը պարտադիր պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում՝ Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ճեպազրույցում։

Նախարարի խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն ու Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի իրականացման նախապատրաստման շուրջ։

Բայրամովը պարզաբանել է, որ թեև բանակցություններն ընթացել են Վաշինգտոնի և Երևանի միջև, ապագա տրանսպորտային միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Ուստի, նախագծի իրականացմանը մոտենալուն զուգընթաց, անհրաժեշտություն է առաջացել դրա տեխնիկական պարամետրերը համաձայնեցնել Բաքվի հետ։

«Առանց Ադրբեջանի հետ կապի՝ այս տրանսպորտային միջանցքը պարզապես իմաստ չունի»,— ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բայրամովի խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ որոշում է ընդունվել ստեղծել համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ, որը նոյեմբերի 6-ին սկսել է աշխատանքը։

Խմբի հիմնական խնդիրը տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն է երկու ուղղությամբ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների (երկաթուղիների և ավտոճանապարհների) և էլեկտրահաղորդման գծերի։

Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը գրեթե ավարտել է իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ավտոճանապարհների և երկաթուղիների կառուցումը։ Նախատեսվում է այս գործընթացն ամբողջությամբ ավարտել հաջորդ տարվա սկզբին։