Հին եգիպտական կատուները, որոնց մումիացնում էին որպես ընծա Բաստետ աստվածուհուն, հաճախ ապրում էին նեղվածքի մեջ, տառապում հիվանդություններից և սատկում մարդկանց ձեռքով։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով Բենի Հասանի գերեզմաններից հայտնաբերված կատուների 131 լավ պահպանված գանգ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science ամսագրում։
Հին Եգիպտոսում կատուները համարվում էին Բաստետ աստվածուհու երկրային մարմնավորումը, ուստի նրանց մումիացնում էին և որպես ընծա տանում տաճարներ։ Սակայն կենդանիների պաշտամունքը չէր երաշխավորում նրանց նկատմամբ լավ վերաբերմունք։ XIX դարում և XX դարի սկզբին հնագետներն ուսումնասիրել են կատուների բազմաթիվ մումիաներ՝ հնագույն կենդանական աշխարհի մնացորդները հետազոտելու նպատակով։ Բենի Հասանից հայտնաբերված գանգերի մի մասն այսօր պահվում է Վիեննայի բնության պատմության թանգարանում։
Բելգիայի թագավորական բնական գիտությունների ինստիտուտի կենդանահնագետ Վիմ վան Ների թիմն ուսումնասիրել է կենդանիների ատամների և ոսկորների վիճակը, փնտրել հիվանդությունների ու վնասվածքների հետքեր, ինչպես նաև կատարել ածխածնի և ազոտի իզոտոպային վերլուծություն, որը հնարավորություն է տալիս պարզելու սննդակարգի առանձնահատկությունները։
Գանգերի մեծ մասը պատկանում էր ընտանի կատուների, սակայն դրանց թվում հայտնաբերվել են նաև եղեգնակատուների մնացորդներ։ Շատ կենդանիներ ունեցել են լնդերի հիվանդությունների և վարակների նշաններ։ Որոշ գանգերի վրա եղել են ծակվածքներ և կոտրվածքներ, որոնք բնորոշ են կռիվների ժամանակ ստացած վնասվածքներին։ Ընդ որում, 14 գանգի վրա պահպանվել են բութ կամ սուր առարկաներով հասցված ծանր վնասվածքների հետքեր։
Հետազոտողները հայտնաբերել են մետաղական զենքով և փայտե ծանր առարկաներով հարվածներին համապատասխանող վնասվածքներ։ Որոշ վնասվածքներ հասցրել էին ապաքինվել մինչև կենդանիների մահը, ինչը վկայում է կենդանության օրոք կատուների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մասին։ Ըստ երևույթին, նրանց մահվան հիմնական պատճառը գլխին հասցված հարվածներն էին, իսկ խեղդամահության նշաններ ավելի հազվադեպ էին հանդիպում։
Գիտնականները ենթադրում են, որ կատուներին պահել են գերբնակեցված փարախներում։ Դա կարող էր կռիվներ հրահրել և պատճառ դառնալ, որ եղեգնակատուները հարձակվեն ընտանի կատուների վրա։ Հավանաբար, եղեգնակատուներին որսացել են ճահիճներում և Նեղոսի ափերին, ապա տեղավորել ընտանի կենդանիների հետ։ Իզոտոպային վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց սննդակարգերը զգալիորեն տարբերվել են, ինչը նույնպես հակասում է անազատության մեջ այս տեսակի կանոնավոր բազմացման մասին ենթադրությանը։
Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ հետազոտված ինը գանգերից ութը, որոնց տարիքը հաջողվել է որոշել, թվագրվում են մ.թ.ա. 380–40 թվականներով։ Հենց Եգիպտոսի պատմության ուշ շրջանում և Պտղոմեոսների դարաշրջանում մումիացված կատուների՝ որպես տաճարային ընծաների պահանջարկը հատկապես մեծ էր։





























