Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին ռուսական հատուկ ծառայությունները ծրագրում էին Լեհաստանի տարածքում դիվերսիա իրականացնել՝ հնարավոր է հատելով սահմանն ու բեմականացնելով հարձակում սեփական տարածքում գտնվող օբյեկտի վրա։ Այս մասին հայտնել են լեհական Rzeczpospolita պարբերականի բարձրաստիճան աղբյուրները։
Զրուցակիցների պնդմամբ՝ դիվերսիան պետք է իրականացվեր «օտար դրոշի տակ», որպեսզի կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդվեր Կիևի վրա։
Թերթի աղբյուրները նշում են, որ նախապատրաստվող գործողության մասին առաջինը նախազգուշացրել են գործընկեր երկրների հատուկ ծառայությունները, թեև հնարավոր սադրանքի մասին ահազանգել են նաև լեհական հետախուզության վերլուծաբանները։ Ըստ պարբերականի տվյալների՝ նմանօրինակ զգուշացումներ են ստացել նաև մերձբալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հատուկ ծառայությունները։
«Մենք հստակ տեղեկություններ ունեինք թիրախավորված օբյեկտների վերաբերյալ։ Ռուսական կողմը հաշվարկն արել էր մեծաթիվ զոհեր ունենալու վրա», — հայտնել է պարբերականի աղբյուրներից մեկը։
Մեկ այլ զրուցակից էլ Ռուսաստանի ծրագրած դիվերսիան նմանեցրել է Երկրորդ աշխարհամարտից առաջ Գլիվիցեում կազմակերպված հայտնի սադրանքին։ «Անկասկած, սահմանը հատողներին, ամենայն հավանականությամբ, կգնդակահարեին կամ նրանց մոտ կգտնեին «ապացույցներ» առ այն, որ նրանք Ուկրաինայից են։ Բուն նպատակը Կիևին տրամադրվող աջակցությունը կասեցնելն էր», — պարզաբանել է նա։
Նշենք, որ նոյեմբերի սկզբին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Կալինինգրադի մարզի հետ սահմանին սադրանքի փորձ է գրանցվել։ Նրա խոսքով՝ սահմանապահ ծառայությունը զեկուցել է սահմանային գոտում նկատված «կասկածելի շարժի» մասին։ «Լապտերներով մարդիկ են եղել։ Մենք շատ արագ մոբիլիզացրինք համապատասխան ուժերն ու միջոցները և կարողացանք կանխել սադրանքը», — ասել էր Տուսկը։





























