Պետք է այդ դրվագը ճշտել Արմեն Գրիգորյանից, որովհետև ես 2025 թվականին այդպիսի դրվագ չեմ հիշում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս հայտարարել է, որ 2025-ին իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև այնքան է լարվել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշել է տարհանվել, այնինչ այդ ժամանակ խոսվում էր խաղաղության մասին, իսկ հիմա գուցե նույնպիսի իրավիճա՞կ է։

«Անկեղծ՝ կա՛մ տեղեկացված չեմ, կա՛մ չեմ հիշում, կա՛մ ինձ թվում է՝ պարոն Գրիգորյանը մի քիչ սխալ է ասել, օրինակ՝ կարող է 2025-ի տեղը ուրիշ բան պիտի ասեր, բայց 2025-ին էդպիսի իրավիճակ չեմ հիշում։ 25-ի մարտին էդպիսի հարց չի բարձրացել, 2025-ի մարտին էդպիսի իրավիճակ չի եղել, 2025-ն ընդհանրապես ֆանտաստիկ տարի է եղել՝ 7,1 տոկոս տնտեսական աճով։ Սա՝ մեկ, իսկ ինչ վերաբերում է էս պահին՝ սահմաններին խաղաղ է, երկրում խաղաղություն է հաստատված, և բոլորը պետք է կենտրոնանան մեկ հարցի՝ Հայաստանի տնտեսության զարգացման վրա»,– ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով՝ չէր կարող լինել այնպիսի մի իրավիճակ 2025-ին, որ ոչ ոք գլխի չընկներ։

«Ինձ թվում է՝ 2025-ի հատվածը պարզաբանման կարիք ունի, երևի վրիպում է եղել»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ վերջերս ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածի շրջանակում անդրադարձ էր կատարել ԵՄ անդամակցությանն ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին։