Իսկ ո՞վ է ասել, որ մենք պիտի լավ ապրանքներ արտադրենք եվրոպացիների համար, ռուսների համար, արաբական շուկայի համար, չինացիների համար, ինչն էլ տակը մնա, պիտի հայկական շուկա բերե՞ք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հայկական շուկան, նախ բավականին վճարունակ է արդեն, մենք 10 հազար դոլարից ավել մեկ շնչին ընկնող ՀՆԱ ունենք, եվրոպական մի շարք երկրների ՀՆԱ–ներին մոտենում ենք, երկրորդը՝ մեր շուկայում մեր ժողովրդի ճաշակը ու մեր ժողովրդի ներկայացրած պահանջները մեր արտադրանքին շատ բարձր են, և այնպես չի, որ ասենք այն, ինչը Եվրոպայում չի վաճառվում, Ռուսաստանում չի վաճառում, կարող ենք հայկական շուկայում վաճառել, այդպես չի։ Մեր ժողովուրդն էլ է այդ պահանջները լավ բարձրացրել, աշխարհի լավ ապրանքներին լավ ծանոթ է և շուկայում գնում է այն, ինչ որ լավն է»,–ասաց նա։

Պապոյանը տեղեկացրեց՝ շուտով հետագծելիության ու վերահսկողության այնպիսի մեխանիզմներ են ներդրվելու, որ մենք կարող ենք ասել, թե որ ապրանքները չեն կարող վաճառվել մեր շուկայում։