Իսրայելն այս տարվա հունիսից դադարեցրել է Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի հետ ուղիղ շփումները։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնում է Politico պարբերականը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացուցչի խոսքով՝ շփումների դադարեցումը մնում է ուժի մեջ և վերաբերում է բացառապես Կալլասի որոշումներին։

«Իսրայելը շարունակում է կառուցողականորեն համագործակցել ԵՄ կառույցների և անդամ պետությունների հետ, իսկ նախարար Սաարը ամուր և սերտ կապեր է պահպանում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների և ԵՄ այլ պաշտոնյաների հետ», — պարզաբանել է նա։

Պարբերականի տվյալներով՝ Կալլասի և Իսրայելի միջև կապի ուղին արգելափակվել է հունիսին տեղի ունեցած հրապարակային հակամարտությունից հետո։ Հարաբերությունների խզումը հաջորդել է այն հաղորդագրություններին, թե Կալլասը պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը համեմատել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի ռեժիմի հետ։

Սաարը հայտարարել է, որ «ամբողջությամբ դադարեցնում է ցանկացած շփում» ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ, քանի դեռ նա հետ չի վերցրել իր խոսքերը։ Միաժամանակ Կալլասի կողմնակիցները նշում են, որ լարվածության լրացուցիչ գործոն է դարձել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ 2025 թվականին ներկայացրած առաջարկը։ Առաջարկի համաձայն պետք է մասնակիորեն կասեցնել ԵՄ-ի և Իսրայելի միջև Ասոցացման համաձայնագրի գործողությունը և սահմանափակել իսրայելական համալսարանների եվրոպական ֆինանսավորումը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի կողմնակիցները նաև նշում են, որ Իսրայելի հետ Կալլասի հարաբերություններում լարվածությունն օրինաչափ է, քանի որ նրա պաշտոնը պարտավորեցնում է ներկայացնել ԵՄ երկրների շահերը, որոնցից շատերը քննադատում են Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականությունը։

Ինչպես հայտնում է Politico-ն, այս իրավիճակն առնչվում է այն հարցին, թե ով է ներկայացնում ԵՄ-ն միջազգային ասպարեզում, քանի որ նմանատիպ խնդիր կա նաև Ուկրաինայի շուրջ բանակցությունների պարագայում. եվրոպական առաջնորդները Կալլասին չեն ընդգրկել խաղաղ կարգավորման հարցերով բանակցային խմբի կազմում։

«Թույլ տալով, որ Իսրայելը փաստացիորեն բարձր ներկայացուցչին դուրս թողնի երկխոսությունից, և Մերձավոր Արևելքի հարցերով համատեղ աշխատանքը չկազմակերպելով ԵՄ պայմանագրերին ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձևով՝ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը նպաստում է Եվրամիության՝ որպես համաշխարհային նշանակալի դերակատարի հեղինակության խաթարմանը», — հայտարարել է Եվրախորհրդարանի լիբերալ խմբակցության պատգամավոր և զարգացման հարցերով հանձնաժողովի նախագահ Բարրի Էնդրյուսը։