ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի աղբավայրերից մեկում մեթանի արտանետում է տեղի ունեցել, վեց մարդ դիմել է բժշկական օգնության։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Լոս Անջելեսի շրջանի Կաստաիկ բնակավայրի մերձակայքում գտնվող աղբավայրի աղբակույտում օդափոխության անցք հորատելու ժամանակ։ Նախնական վարկածով՝ հորատման կայանքը դիպել է մեթանի կուտակումով խոռոչի։ Արդյունքում տեղի է ունեցել գազի պայթյունանման արտանետում, որի շիթի բարձրությունը հասել է մոտ 150 մետրի։

Կաստաիկի բնակիչները տեղի ունեցածը նկարագրել են որպես պայթյուն։ Աղբի մասնիկներից ու գազից կազմված սյունը սկզբում սև է եղել, ապա դարձել է սպիտակ։ Երեկոյան հրշեջները վերացրել են արտահոսքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վեց մարդ դիմել է բժշկական օգնության։ Թե կոնկրետ ինչ գանգատներ են ունեցել նրանք, չի հստակեցվում։

Տեղական իշխանությունները հայտարարել էին մոտակա տների բնակիչների տարհանման մասին, սակայն ավելի ուշ հայտնել են, որ արտահոսքը բնակչության համար վտանգ չի ներկայացնում։ Այդուհանդերձ, որոշ բնակիչներ երեքշաբթի չէին շտապում վերադառնալ իրենց տները՝ դժգոհելով շրջակայքում պահպանվող տհաճ հոտից։