Իսրայելը, պահպանվող սպառնալիքներով պայմանավորված, անորոշ ժամկետով կշարունակի վերահսկել Գազայի հատվածում, Լիբանանի հարավում և Սիրիայում գտնվող անվտանգության գոտիները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելը դուրս չի գա անվտանգության գոտիներից և չի փոխի դրանց սահմանները՝ մինչև [պաղեստինյան արմատական շարժում] ՀԱՄԱՍ-ի վերացումը և Գազայի հատվածի ապառազմականացման ավարտը, Լիբանանի ողջ տարածքում [լիբանանյան շիական շարժում] «Հեզբոլլահի» լիակատար զինաթափումը և Սիրիայից բխող բոլոր ջիհադական սպառնալիքների վերացումը», — հայտարարել է Կացը, որի խոսքերը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Իսրայելի պաշտպանության նախարարը նաև սպառնացել է, որ ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» կամ սիրիացի ջիհադականների ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը համապատասխան շրջաններում լրացուցիչ տարածքներ կվերցնի իր վերահսկողության տակ։

2026 թվականի ընթացքում Կացը բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով։ Թե ինչ առիթով է արվել այս հայտարարությունը, չի հաղորդվում։