Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի հյուրերի համար կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին նախ անձամբ ողջունել է ՉԺՀ նախագահը։ Առաջնորդները սեղմել են միմյանց ձեռքերը և կարճ զրուցել ոտքի վրա։

Ընդունելությունը կազմակերպվել է ՉԺՀ նախագահի անունից։ Պուտինն ու Թրամփը տեղավորվել են Սի Ծինփինի և նրա տիկնոջ աջ ու ձախ կողմերում։ Ընդունելության անցկացման վայր է ընտրվել Ֆուտյան շրջանում գտնվող Շենչժենի միջազգային հաղորդակցության կենտրոնը։

Ինչպես հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գագաթնաժողովի շրջանակում Պուտինն ու Թրամփը կկարողանան տարբեր ձևաչափերով բազմիցս շփվել և լիարժեք զրույց ունենալ։

Ակնկալվում է, որ եռակողմ ձևաչափով առաջնորդները կքննարկեն հարցերի լայն շրջանակ։ Նրանք կանդրադառնան խոշոր տերությունների համագործակցությանը և միջազգային իրադրության վրա դրա ազդեցությանը։ Ուշակովի խոսքով՝ նրանք դժվար թե շրջանցեն ուկրաինական հարցի քննարկումը։

Պուտինն այցով գտնվում է Շենչժենում, որտեղ նոյեմբերի 18-19-ն անցկացվում է ԱԽՏՀ համաժողովը։ Նա արդեն ելույթ է ունեցել գործարար գագաթնաժողովում՝ մատնանշելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ համաշխարհային տնտեսության կենտրոնի վերածվելը և նշելով մրցակիցներին զսպելու՝ արևմտյան երկրների փորձերի ձախողումը։