«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին ՀՀ ՆԳՆ և ՌԴ իրավապահների ջենքերով տեղափոխել են Հայաստան։ Այս տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2024 թվականի հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:
2024–ի հուլիսի 28–ին սպանության կասկածանքով ձերբակալվել էր քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը։ «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» միջև թշնամանքը սկսվել էր դեռ 2018 թվականից՝ աղջկա պատճառով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչ կալանավորվել են՝ Ռուստամ Ստեփանյանը և Ա. Կյուրեղյանը։ Վերջինս ողջ ընթացքում կազմակերպել է սպանությունը կատարած անձանց` Սու. Գրիգորյանի և Հ. Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումները, գործողությունները։ Սպանությունը կատարողների ինքնությունը պարզվել է, նրանք են` Հարություն Սահակյանը և Սուրեն Գրիգորյանը։
Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ:
«Ըստ այդմ հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում գտնվող առանձնատանը։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձը Սու. Գրիգորյանը և Հ. Սահակյանը, կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։
Սպանությունից հետո, Սու. Գրիգորյանի և Հ. Սահակյանի ձեռք բերած «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվել են «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ»,– ասված է հաղորդագրությունում:
Այժմ Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, քանի որ վերջիններս հասցրել են հունիսի 12-ին երկրից դուրս գնալ։





























