Որոշ հարցեր կան պարզելու, աշխատանքային կարգով պարզում ենք, որից հետո նախագիծը կբերենք, կզեկուցնեք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հետաձգվեց երկու ամսով։
Նա հավաստիացրեց, որ նախագիծը երկու ամսից անպայման նորից կներկայացվի։
Հարցին՝ բարձրացված աղմո՞ւկն էր պատճառը, փոխվարչապետը պատասխանեց. «Չէ, չէ բացարձակապես դրա հետ կապ չուներ»։ Նա նաև հերքեց տեղեկությունը, թե հետաձգման պատճառն այն էր, որ որոշ աշխատողների վրա բարձրացումը չէր տարածվելու. «Չկա այդպիսի բանմ, մենք առիթ կունենանք, կմանրամասնենք»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նոյեմբերի 12–ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվել է, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։
Ըստ տեղեկությունների՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։




























