Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգի Մատիաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, հայտնում է «Գրուզիա Online»-ը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը և հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ՝ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևի հետ։
Նախքան Վելիևի հետ բանակցությունները՝ Մատիաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Զրուցակիցներն ընդգծել են, որ Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը նպաստում է երկկողմ կապերի ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության պահպանմանը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության ծրագրով նախատեսված միջոցառումներին։
Բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի եռակողմ համագործակցությանը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային գործընկերության հեռանկարները, համատեղ վարժանքների ու զորավարժությունների անցկացման, ինչպես նաև երեք պետությունների զինված ուժերի փոխգործունակության մակարդակի բարձրացմանն ուղղված փորձագիտական հանդիպումների կազմակերպման հարցերը։





























