Թերթը գրում է, որ նորընտիր Ազգային ժողովի այսօր տեղի ունենալիք առաջին նիստում գործող կառավարությունը հանրապետութան նախագահին հրաժարական կներկայացնի։ Սպասվում է, որ կառավարության առանցքային դեմքերը կշարունակեն պաշտոնավարել նաեւ հաջորդ գործադիր մարմնի կազմում։
Կառավարությունը հրաժարական կտա, սակայն դրանով նրա գործունեությունը չի ավարտվի։ Գործադիր մարմնի անդամները կկատարեն իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, որը հավանաբար երկար չի տեւի, թեպետ դրա համար նախատեսված է մեկ ամիս։ Ինչպես հայտնի է, սահմանադրությունը 10 օր ժամանակ է տալիս վարչապետի նշանակման եւ 20 օր` կառավարության ձեւավորման համար։
Չնայած դեռ չի հայտարարվել նոր վարչապետի անունը, այնուհանդերձ գրեթե կասկած չկա, որ գործադիր մարմնի աշխատանքը կշարունակի գլխավորել Տիգրան Սարգսյանը։ Նշենք, որ նա վարչապետի պաշտոնում աշխատում է 2008թ. ապրիլից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց պատգամավորական մանդատներից հրաժարվել են գործող կառավարության մի շարք անդամներ, պարզ է, որ նրանք եւս կմնան իրենց պաշտոններին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է տնտեսական բլոկի պատասխանատուներին։ Ենթադրվում է, որ իրենց պաշտոններում կվերահաստատվեն էկոնոմիկայի, ֆինանսների, էներգետիկայի նախարարները։
Փոփոխություններ են սպասվում այն նախարարություններում, որոնք գլխավորում էին արդեն նախկին կոալիցիոն կառավարության բհկական անդամները։
Թեեւ առողջապահության նախարարի պորտֆելի հիմնական թեկնածուներից է համարվում նախկին նախարար Արա Բաբլոյանը, այնուհանդերձ գործադիրի մյուս անդամների նման նա այդպես էլ ինքնաբացարկ չհայտնեց՝ շարունակելով մնալ պատգամավորական մանդատ ստացողների ցանկում։
Նույնը վերաբերում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։ Տեւական ժամանակ նրա անունը շրջանառվում էր որպես տրանսպորտի եւ կապի նախարարի հիմնական հավակնորդ։ Սակայն նա նույնպես պատգամավորական մանդատից առայժմ չի հրաժարվել։
Իհարկե, սա ամենեւին չի նշանակում, թե այլեւս բացառվում է, որ նրանք նոր ձեւավորվող կառավարության կազմում պաշտոն ստանան։ Օրենսդրությունը հնարավորություն է տալիս ցանկացած պահի վայր դնել մանդատը։
Ինչեւէ, նոր կառավարության կազմը շուտով պարզ կդառնա։ Հազիվ թե կարելի է կարծել, որ մեկ ամիս կպահանջվի դրա համար։ Ըստ էության, գործադիրի հրաժարականից անմիջապես հետո նախագահը կհայտարարի նոր վարչապետի անունը, որը ձեռնամուխ կլինի կառավարության ձեւավորմանը։
Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի գործադիր մարմնի նոր կազմը, կառավարությունն առաջիկայում լուրջ անելիքներ կունենա։ Նոր կառավարության թիվ մեկ խնդիրը այս տարվա պետական բյուջեի կատարումն է։




























