Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն անհարկի է համարում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման շուրջ բանակցությունները, հաղորդում է dpa-ն։
«Մեզ անվտանգության նոր եվրոպական կարգ պետք չէ։ Մեզ միայն անհրաժեշտ է պահպանել այն կանոններն ու սկզբունքները, որոնց շուրջ մենք վաղուց ենք պայմանավորվել», — հայտարարել է Վադեֆուլը չորեքշաբթի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։
Խոսքը, մասնավորապես, 1975 թվականին Հելսինկիում ստորագրված՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության եզրափակիչ ակտի և 1990 թվականի Փարիզյան խարտիայի մասին է։ Երկու փաստաթղթերն էլ ստորագրել է նաև Խորհրդային Միությունը։
Վադեֆուլը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով պարտավորվել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը։
«Եթե սա հիմք դառնա հետագա բանակցությունների համար, հնարավոր կլինի արագ համաձայնության հասնել», — ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Գերմանիան կշարունակի վճռականորեն աջակցել Ուկրաինային, որպեսզի այն կարողանա դիմակայել ռուսական ագրեսիային։
Անվտանգության նոր եվրոպական կարգի շրջանակում Ուկրաինայում խաղաղություն ապահովելու գաղափարն ի հայտ է եկել առաջին հերթին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունների ընթացքում։ Այս կերպ Վաշինգտոնը ձգտում է եվրոպական երկրներին ներգրավել բանակցային գործընթացում։
Սակայն եվրոպացի քաղաքական գործիչների մեծամասնությունը նշում է, որ անվտանգության նման կարգ արդեն գոյություն ունի։ Նրանց կարծիքով՝ խնդիրն այն է, որ Մոսկվան խախտել է այն՝ պատերազմ սկսելով Ուկրաինայի դեմ։
Ռուսաստանը շարունակում է տարբեր պահանջներ առաջ քաշել, այդ թվում՝ 2021 թվականի վերջին ներկայացված փաստաթղթում ներառված պահանջները։ Այդ փաստաթղթով առաջարկվում էր հետ շրջել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումը։





























