Իտալիան նախատեսում է սահմանափակել անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր, հայտնում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ երկրի խորհրդարանը մինչև դեկտեմբերի վերջ կհաստատի կառավարության որոշումը, որը տարիքային նոր սահմանափակումներ է նախատեսում։ Այսպիսով, Իտալիան կարող է միանալ Ավստրալիային, Բրազիլիային, Հունաստանին և այլ երկրների, որոնք միջոցներ են ձեռնարկում համացանցում երեխաների պաշտպանության համար։

Ըստ անվտանգության մասին որոշման փոփոխության, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, մինչև 13 տարեկան երեխաներին կարգելվի սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծել։ 13-15 տարեկան դեռահասները կկարողանան օգտվել դրանցից միայն իրենց հաշիվները ծնողներից մեկի հաշվին կապելու պայմանով։ Ինքնուրույն հաշիվներ թույլատրվելու են 16 տարեկանից։

Փոփոխությունը դեռ պաշտոնապես չի ներկայացվել խորհրդարանի քննարկմանը, սակայն այն վայելում է վարչապետ Ջորջա Մելոնիի աջակենտրոն կոալիցիայի աջակցությունը։ Խորհրդարանական աղբյուրների գնահատմամբ՝ փաստաթուղթը գրեթե անկասկած կհաստատվի։ Քննարկման ընթացքում դրա դրույթները կարող են փոփոխվել։

«Այս փոփոխությունը կարող է շրջադարձային դառնալ ծնողների համար, որոնք փորձում են հաղթահարել իրենց երեխաների թվային կախվածությունը, ինչպես նաև հենց իրենց՝ անչափահասների համար»,- հայտարարել է Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆաբիո Ռամպելլին։

Առաջարկվող սահմանափակումները չեն տարածվի կրթական հավելվածների վրա։ Միաժամանակ սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն ստուգել օգտատերերի տարիքը։ Այդ ստուգման կանոնները պետք է մշակի Իտալիայի հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը՝ AGCOM-ը, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինը ամսվա ընթացքում։

Շատ երկրներում սոցիալական հարթակները բախվում են աճող ճնշման՝ մտավախությունների պատճառով, որ դրանց ալգորիթմներն ու օգտատերերի հետ փոխազդեցության մեխանիզմները խորացնում են երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ճգնաժամը։ Տարբեր պետությունների իշխանություններն անչափահասների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումները դիտարկում են որպես այդ ռիսկերը նվազեցնելու միջոցներից մեկը։