Երեկ եմ վերադարձել Իրանից։ Ի թիվս այլ հարցերի՝ գործընկերների հետ քննարկել ենք նաև նոր մաքսակետին առնչվող հարցը։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին։
Վերջինս, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել «հայ-իրանական սահմանին ստեղծված խայտառակ իրավիճակի վրա»։
«Հայկական կողմում գործում են ընդամենը մեկ կշեռք և մեկ սկաներ, ինչի հետևանքով վարորդները ստիպված են շաբաթներով հերթերի մեջ կանգնել», - պարզաբանել է պատգամավորը։
Ի պատասխան՝ Խուդաթյանը հայտնել է, որ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմում շինարարական աշխատանքներն ընթանում են ակտիվ տեմպերով։
«Քննարկել ենք նաև նոր կամրջի կառուցման հարցը։ Իրանական կողմը շուտով կավարտի նախագծային աշխատանքները», - ասել է նախարարը։
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալն էապես աճել է։





























