ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավարությունը փորձում է պաշտպանական օրինագծում Ուկրաինային աջակցելու մասին դրույթներն օգտագործել որպես դեմոկրատների վրա ճնշում գործադրելու միջոց, հայտնում է NBC News-ը։
Նպատակն այն է, որ հրաժարվեն այն փոփոխություններից, որոնք ընդլայնում են Կոնգրեսի վերահսկողական լիազորությունները Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ յոթ աղբյուրներ։
Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը ձգտում են պաշտպանական քաղաքականության մասին օրինագծից հանել Կիևին աջակցող մի շարք դրույթներ։ Վտանգի տակ են հայտնվել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական օգնության ընդլայնման և Ռուսաստանի դեմ թիրախային պատժամիջոցների սահմանման միջոցառումները։
Հանրապետականները ձգտում են հասնել նրան, որ դեմոկրատները հրաժարվեն Պենտագոնի և Թրամփի վարչակազմի գործունեության նկատմամբ Կոնգրեսի վերահսկողությունն ուժեղացնող նախաձեռնություններից։ Քննարկվող միջոցառումների թվում են ռազմական գերատեսչությունում կադրային նշանակումների վերաբերյալ որոշումներում օրենսդիրների մասնակցության ընդլայնումը, Հեգսեթի արտասահմանյան այցերին առնչվող ծախսերի սահմանափակումը, ինչպես նաև ռազմական ուժի կիրառման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը, այդ թվում՝ Իրանի դեմ գործողության շրջանակում։
Ոչ բոլոր հանրապետականներն են աջակցում նման մոտեցմանը։ Կոնգրեսական Բրայան Ֆիցպատրիկը դեմ է արտահայտվել Ուկրաինային տրամադրվող օգնությունը դեմոկրատների քաղաքական զիջումների հետ կապելուն՝ հայտարարելով, որ երկու խնդիրն էլ կարելի է միաժամանակ լուծել՝ շարունակել աջակցությունը Կիևին և ապահովել Պենտագոնի նկատմամբ պատշաճ վերահսկողություն։
Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի պաշտպանական քաղաքականության մասին ամենամյա օրինագծի՝ NDAA-ի վերջնական տարբերակի համաձայնեցման շրջանակում։ Փաստաթուղթը սահմանում է ռազմական քաղաքականության առաջնահերթությունները և նախատեսում պաշտպանական ծրագրերի ֆինանսավորում։ Դրա դրույթների շուրջ վեճը թեժացել է նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հետնապատկերին։
Սենատում արդեն առարկություններ են հնչել Ուկրաինային վերաբերող դրույթները հանելու դեմ։ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության առաջատար ներկայացուցիչ Ջեք Ռիդը հայտարարել է, որ նման առաջարկը չի արժանանա վերին պալատի հավանությանը։





























