Լեհաստանի Սեյմը մերժել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկը, հայտնում է Onet-ը։

Կառավարության հրաժարականին կողմ է քվեարկել 200 պատգամավոր, դեմ՝ 242-ը։ Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 442 խորհրդարանական։ Կառուցողական անվստահության քվեի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 231 պատգամավորի աջակցությունը։

Արդյունքների հրապարակումից հետո Տուսկը X սոցիալական ցանցում գրառում է արել՝ ուղղված նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկուն, որը ելույթ էր ունեցել խորհրդարանական քննարկումների ժամանակ։

«242՝ ընդդեմ 200-ի։ Եվ ինչի՞դ էր սա պետք, Մատեո՛ւշ»,- գրել է կառավարության ղեկավարը։

Նախաձեռնության քննարկման ժամանակ Տուսկը նաև քննադատել է Մորավեցկու ելույթը՝ հայտարարելով, որ նա գերազանցել է ինքն իրեն։ Վարչապետը հիշեցրել է քաղաքական գործչի հասցեին նախկինում արած իր հեգնական արտահայտությունը և հավելել, որ այժմ թերագնահատել է նրա կարողությունները։

Անվստահության քվե հայտնելու նախաձեռնությանը աջակցել են Rozwój Plus միավորման, «Կոնֆեդերացիա» կուսակցության պատգամավորները, ինչպես նաև անկախ պատգամավոր Պավել Կուկիզը և որևէ խմբակցության մեջ չընդգրկված խորհրդարանական Պաուլինա Մատյաշեկը։

Կառավարության հրաժարականի պահանջի գլխավոր պատճառ նախաձեռնության հեղինակները նշել են Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի նկատմամբ կառավարության գործողությունները։ Նրանք իշխանություններին մեղադրել են այդ մարմինը քաղաքական վերահսկողության տակ դնելու փորձի և դրա ղեկավարությանն ապօրինի պաշտոնանկ անելու մեջ։ Դժգոհության պատճառների թվում հիշատակվել է նաև վարչապետի աշխատակազմի կողմից տրիբունալի շենք մուտք գործելու հնարավորություն տրամադրելը։

Ընդդիմությունը կառավարության փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել է նաև այլ խնդիրներով՝ պետական պարտքի աճով, առողջապահական համակարգի ճգնաժամով, անարդյունավետ միգրացիոն քաղաքականությամբ և պետական լրատվամիջոցների լուծարման ձգձգվող գործընթացով։ Նոր վարչապետի պաշտոնում ընդդիմությունն առաջադրել է Մարեկ Յուրեկի թեկնածությունը, որին վերապահվում էր ինստիտուցիոնալ ճգնաժամի կարգավորման և հասարակական լարվածության նվազեցման դերը։