Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ որոշումը կախված է կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամներից, և կոչ է արել չձգձգել Անտոնիու Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը։
«Ամեն ինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ձեռքերում է։ Որպես թեկնածու՝ կարող եմ միայն ասել, որ մենք կախված ենք նրանց որոշումից և հույս ունենք, որ այն կընդունվի մոտ ժամանակներս՝ ողջամիտ անցումային շրջան ապահովելու համար։ Ես լավատեսորեն եմ տրամադրված»,- հայտարարել է Գրոսին Վիեննայում՝ ԱԷՄԳ-ի կենտրոնակայանում անցկացված մամուլի ասուլիսում։
Ըստ նրա՝ որոշում ընդունելու համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում։ Նոր գլխավոր քարտուղարը պետք է պաշտոնը ստանձնի 2027 թվականի հունվարի 1-ին, երբ կավարտվի Գուտերեշի լիազորությունների ժամկետը։ Ըստ ՄԱԿ-ի ընթացակարգի՝ Անվտանգության խորհուրդը պետք է թեկնածու առաջադրի, որից հետո նրան կնշանակի Գլխավոր ասամբլեան։
Գրոսիից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանը՝ Կոստա Ռիկայից, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Մարիա Ֆերնանդա Էսպինոսան՝ Էկվադորից, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցիչ Քերոլին Ռոդրիգես-Բիրկետը և ԱՄՆ-ում Էկվադորի նախկին դեսպան Իվոն Ա-Բաքին։ Մյուս թեկնածուների թվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Օլարա Օտունուն՝ Ուգանդայից, ԱՄԷ-ի միջազգային համագործակցության հարցերով պետական նախարար Լանա Զաքի Նուսեյբեն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հադի Սինիրլիօղլուն՝ Թուրքիայից։





























