Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի երեք քաղաքացու և չորս կազմակերպության նկատմամբ՝ Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափին ապօրինի բնակավայրերի ընդլայնման և վերաբնակիչների կողմից բռնությունների համար, հաղորդում է Reuters-ը։
Ինչպես հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը, այս գործողությունները զրկում են երկու պետությունների ստեղծման հեռանկարը կյանքի կոչվելու հնարավորությունից։
Ըստ Վոնգի՝ պատժամիջոցների տակ են հայտնվել անձինք և կազմակերպություններ, որոնք մասնակցել են նոր բնակավայրերի պլանավորմանն ու ստեղծմանը, դրանց թվում՝ զբաղվել են դրամահավաքով, կամավորների հավաքագրմամբ և բռնության դիմող վերաբնակիչներին աջակցություն ցուցաբերելով։
Նրանց թվում են վերաբնակիչների Nachala կազմակերպության առաջնորդ Դանիելա Վայսը, որը հանդես է գալիս Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու օգտին, և Էլիավ Լիբին, որի շինարարական ընկերությունը նպաստում է Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնմանը։ Պատժամիջոցներն Ավստրալիայի քաղաքացիներին և ընկերություններին արգելում են գործարար հարաբերություններ ունենալ սահմանափակումների տակ հայտնված անձանց ու կազմակերպությունների հետ կամ աջակցել նրանց։
Վոնգն առանձին անդրադարձել է E1 բնակավայրի նախագծին, որի իրականացումը կբաժանի Արևմտյան ափը և այն կկտրի Արևելյան Երուսաղեմից՝ մասնատելով այն տարածքը, որը պաղեստինցիները մտադիր են դարձնել ապագա պետության միջուկը։ Ավստրալիայի որոշումը հաջորդել է Մեծ Բրիտանիայի քայլին, որը երեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել օկուպացված տարածքում բնակավայրերի կառուցմանը մասնակցող իսրայելական ութ շինարարական ընկերությունների նկատմամբ։
Այս շաբաթ, ըստ ականատեսների և պաղեստինցի պաշտոնյաների, իսրայելցի վերաբնակիչները Երիքովի շրջանում կրակելով սպանել են 72-ամյա պաղեստինցի կնոջ։ Ավելի վաղ վերաբնակիչներն այնտեղ զբաղեցրել էին պաղեստինցիների մի քանի տուն։ ՄԱԿ-ը և երկրների մեծամասնությունն իսրայելական բնակավայրերն անօրինական են համարում, սակայն Իսրայելը վիճարկում է այդ դիրքորոշումը։
Վոնգը հայտնել է, որ պատժամիջոցները քննարկել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ և վերահաստատել բնակավայրերի կառուցմանը դեմ Ավստրալիայի վաղեմի դիրքորոշումը։ Կանբերայի և Թել Ավիվի հարաբերությունները վատթարացել են, երբ Ավստրալիայի կառավարությունն անցյալ տարի հայտարարել է որոշակի պայմաններով պաղեստինյան պետությունը ճանաչելու մտադրության մասին, ինչպես նաև դեկտեմբերին Սիդնեյի Բոնդի լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։





























