Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գալիսիա տարածաշրջանում պայթյունների կեղծ սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ ստանալուց հետո չորեքշաբթի ավելի քան տասը դպրոց է տարհանվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի ազգային ոստիկանությանը։
Մեկ շաբաթ առաջ նմանատիպ սադրիչ հաղորդագրություններ էին ստացել Իտալիայի հազարավոր դպրոցներ։
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ նամակներն ուղարկվել են անմիջապես ուսումնական հաստատություններին։ Դրանց բովանդակությունը չի բացահայտվում, իսկ սպառնալիքներ ստացած դպրոցների ճշգրիտ թիվը դեռ պարզված չէ։
Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները զննել են շենքերը, սակայն կասկածելի սարքեր չեն հայտնաբերել։
Միջադեպը դարձել է կեղծ սպառնալիքների և կիբեռհարձակումների շարքի հերթական դրվագը։ Վերջին շրջանում դրանք թիրախավորում են Եվրոպայի տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ, դրանց թվում՝ սուպերմարկետներ, արյան բանկեր, օդային երթևեկության կառավարման համակարգեր և հեռուստառադիոընկերություններ։
Անցյալ շաբաթ Իտալիայի կառավարությունը հայտարարել էր, որ հասարակական շենքերը պետք է տարհանել միայն վտանգի մասին կոնկրետ վկայությունների առկայության դեպքում։ Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի իշխանությունները նույնպես հայտնել էին, որ բազմաթիվ դպրոցներ արտերկրից սպառնալիքներով նմանատիպ նամակներ են ստացել։ Սակայն հաղորդագրությունները կեղծ են համարվել, և ուսումնական հաստատություններում դասերը շարունակվել են։
Եվրոպացի պաշտոնյաներից ոմանք կասկածում են, որ ռուսական ներխուժումից հետո Ուկրաինային աջակցող երկրներում առօրյա կյանքն ապակայունացնելուն ուղղված արշավի հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը։ Մոսկվան հերքում է իր առնչությունը և արևմտյան երկրներին մեղադրում իրեն վարկաբեկելու փորձերի մեջ։





























