Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա 80-ամյակի առթիվ սաթե ճոխ զարդարված բազկաթոռ է նվիրել, հայտնում է TVN24+ հեռուստաալիքը, որի լրագրողները պարզել են նվերի մանրամասները։ Նվերը գաղտնի էր պահվել նույնիսկ նախագահի աշխատակազմի, Լեհաստանի ԱԳՆ-ի և Վաշինգտոնում երկրի դեսպանատան աշխատակիցների մի մասից։

Թրամփն իր 80-ամյակը նշել է հունիսին։ Նավրոցկին հրավիրված հյուրերի թվում էր․ նա մասնակցել է Սպիտակ տան մոտ անցկացված UFC Freedom 250 միջոցառմանը և ԱՄՆ նախագահի կազմակերպած բանկետին։ Ըստ Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչի՝ հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են, մասնավորապես, անվտանգության և Լեհաստանում ամերիկացի զինվորականների ներկայության հարցերը։

Դեռևս այցից առաջ Պշիդաչը հայտնել էր, որ Նավրոցկին Թրամփի համար երկու նվեր է պատրաստել՝ մեկը՝ անձնական, մյուսը՝ պետության անունից։ Պաշտոնական նվերը մարմարե սալ է եղել, որը նախատեսվում է տեղադրել Վաշինգտոնի հաղթակամարի վրա՝ ի պատիվ ԱՄՆ անկախության 250-ամյակի։

Երկրորդ՝ անձնական նվերը լայն հանրության համար անհայտ էր մնում։ TVN24+-ի տվյալներով՝ դա սաթով ճոխ զարդարված բազկաթոռ է, որը լրագրողներն անվանել են «սաթե գահ»։ Տեղեկությունը հաստատել են նախագահական պալատի մի քանի աղբյուրներ, ինչպես նաև անձամբ Պշիդաչը։

Բազկաթոռի հեղինակը սաթի մշակման լեհ վարպետ Լյուցիան Միրտան է, որը նախկինում համագործակցել է նախագահ Անջեյ Դուդայի աշխատակազմի հետ։ TVN24+-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ 2018 թվականին առաջին նման բազկաթոռը Դուդային հանձնելուց հետո նախագահի աշխատակազմն իրեն երկրորդն է պատվիրել։ Վարպետի պատմելով՝ դեռ այն ժամանակ ենթադրվում էր, որ բազկաթոռը հնարավոր է ընծայվի Թրամփին նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում։