Իտալիայի խորհրդարանը կարգադրել է ծայրահեղ աջերի նախկին առաջնորդ Պինո Ռաուտիին նվիրված ցուցահանդեսից հեռացնել ֆաշիստական խորհրդանիշներով պատկերները՝ ընդդիմության բողոքներից հետո, հայտնում է Reuters-ը։
Խորհրդարանի ստորին պալատում բացված ցուցահանդեսը վրդովմունք է առաջացրել Բենիտո Մուսոլինիի լուսանկարների և նեոֆաշիստական շարժումներին առնչվող խորհրդանիշների պատճառով։
2012 թվականին մահացած Ռաուտին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կամավոր միացել էր Իտալական սոցիալական հանրապետության զինված կազմավորումներին։ Դա նացիստական Գերմանիայի աջակցությամբ Իտալիայի հյուսիսում ստեղծված խամաճիկային պետություն էր՝ Մուսոլինիի ղեկավարությամբ։ Իր քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում նա սերտ կապ է պահպանել ֆաշիստ բռնապետի ժառանգության հետ։
Ցուցանմուշների թվում էր Ռաուտիի լուսանկարը, որում նա ելույթ է ունենում կելտական խաչով դրոշի ֆոնին. այդ խորհրդանիշը լայնորեն օգտագործում են նեոֆաշիստական շարժումները։ Ցուցահանդեսում ներկայացված էին նաև Մուսոլինիի դիմանկարները։ Ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցության բողոքներից հետո ստորին պալատի վարչակազմը կարգադրել է հեռացնել այդ պատկերները։ Չորեքշաբթի առավոտյան դրանք արդեն ցուցահանդեսում չկային։
«Մարդը, քաղաքական գործիչը և մտավորականը» ցուցահանդեսը կազմակերպվել է Ռաուտիի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ Իտալիայի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն ներառում է քաղաքական գործչի ընտանեկան արխիվից տեսագրություններ, ձայնագրություններ և փաստաթղթեր։
Դեմոկրատական կուսակցության սենատոր Ալֆրեդո Բացոլին հայտարարել է, որ ցուցահանդեսը ոչ թե պատմական պատում է, այլ Ռաուտիի փառաբանում։ Նրա մայրը զոհվել է 1974 թվականին Բրեշիա քաղաքում ռումբի պայթյունի հետևանքով։ Հարձակումը կապում էին նեոֆաշիստական Ordine Nuovo կազմակերպության հետ, որը ձևավորվել էր 1950-ականներին Ռաուտիի հիմնադրած հետազոտական կենտրոնի հիման վրա։
«Սա պատմությունը վերաշարադրելու բացահայտ փորձ է»,- հայտարարել է Բացոլին։ Նրա գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է, որ ցուցահանդեսին աջակցում են վարչապետ Ջորջա Մելոնիի գլխավորած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչները, քանի որ դա, իր կարծիքով, վկայում է այն մասին, որ կուսակցությունը վերջնականապես չի խզել կապերը երկրի մռայլ անցյալի հետ։
Ռաուտին Մուսոլինիի կողմնակիցների ստեղծած նեոֆաշիստական Իտալական սոցիալական շարժման առանցքային դեմքերից էր։ Այդ կուսակցությունը համարվում է «Իտալիայի եղբայրների» քաղաքական նախորդը։ Ռաուտիի հիմնադրած Ordine Nuovo կազմակերպությունը զգալի դեր է խաղացել ծայրահեղական բռնությունների մեջ այսպես կոչված «կապարե տարիներին»՝ Իտալիայում քաղաքական ահաբեկչության և բախումների ժամանակաշրջանում։ Որոշ հարձակումների առնչությամբ հետաքննություն է տարվել նաև Ռաուտիի նկատմամբ, սակայն ի վերջո նա արդարացվել է բոլոր մեղադրանքներով։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին պաշտպանել է ցուցահանդեսի անցկացումը՝ հայտարարելով, որ Ռաուտին արժանի է հարգանքի՝ որպես նախկին պատգամավոր, որը մինչև 1992 թվականը հինգ անընդմեջ ժամկետ պաշտոնավարել է խորհրդարանի ստորին պալատում։ Ըստ Տայանիի՝ Իտալիան ապրում է ժողովրդավարական հասարակությունում։
Խորհրդարանի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆեդերիկո Մոլիկոնեն, որը ներկայացնում է «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, նույնպես աջակցել է նախագծին։ Նա հայտարարել է, որ ցուցահանդեսի նպատակն է պատմել Իտալիայում գոյություն ունեցած և նշանակալի հետք թողած քաղաքական շարժման պատմական ուղու մասին։
Մելոնին առայժմ չի մեկնաբանել սկանդալը։ Երիտասարդ տարիներին նա դրական է արտահայտվել Մուսոլինիի մասին, սակայն հետագայում ձգտել է հեռավորություն պահպանել ֆաշիզմից։ 2022 թվականին վարչապետը հայտարարել է, որ երբեք համակրանք չի տածել նրա նկատմամբ, և ընդգծել, որ իր կուսակցությունում տեղ չպետք է լինի ֆաշիզմի հանդեպ կարոտախտի, ռասիզմի կամ հակասեմականության համար։





























