Վերջին 2 ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Գարնան սկզբին նշված ալյուրի պարկի մեծածախ գինը եղել է 9 հազար դրամի սահմաններում` 25 դոլարին համարժեք: Ալյուրի մեծածախ գինն աոաջին անգամ բարձրացել է ապրիլին` 2 դոլարով: Ըստ գործարարների, այս թանկացումը ներկրողները որեւէ կերպ չեն հիմնավորել` գինը բարձրացրել են, եւ վերջ: Մայիսի կեսին ալյուրի մեծածախ գինը կրկին բարձրացել է, եւ 1 պարկ ալյուրն սկսել է վաճառվել 11 հազար 300 դրամով: Այս վերջին թանկացումը ներկրողները պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Հացի գները այս թանկացումներին առայժմ չեն արձագանքել, քանի որ փռերը դեռ «հին» ալյուրն են սպառում եւ հույս ունեն, որ գները կվերադառնան նախկին մակարդակին: Եթե առաջիկա օրերին գները չիջնեն, ապա հացթուխները ստիպված կլինեն ալյուրի թանկացմանը համարժեք` բարձրացնել նաեւ հացի գինը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























