Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանը նախորդ շաբաթ ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ հանդես է եկել Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների օգտին, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այցի ընթացքին ծանոթ երկու աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ Գոֆմանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների, նրանց թվում՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։ «Մոսադի» ղեկավարն ամերիկյան կողմին Իրանի վերաբերյալ իսրայելական հետախուզական տվյալներ, մասնավորապես՝ երկրի միջուկային ծրագրին առնչվող տեղեկություններ է ներկայացրել։

Բացի դրանից, Գոֆմանը մեկնել է Մայամի, որտեղ հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, որը մասնակցում է Իրանի և Ուկրաինայի հարցերով ամերիկյան դիվանագիտական ջանքերին։ Այդ շփումների մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։

Այցը տեղի է ունեցել, երբ նոյեմբերի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ առայժմ ձեռնպահ կմնա Իրանին հարվածներ հասցնելուց։ Որոշումը հաջորդել էր Կատարի վարչապետի հետ հանդիպմանը։ Վերջինս միջնորդ է Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններում, որոնք ուղղված են լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելուն։

Հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին մասնակցող ևս մեկ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների առաջնորդները դիմել են Թրամփին՝ խնդրելով չհարձակվել Իրանի վրա։ Նրանք մտավախություն ունեն, որ Թեհրանը կիրագործի իր սպառնալիքները և պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի պետություններին։

Reuters-ի երկու աղբյուրների տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանին նոր հարված հասցնելու հնարավորությունն աստիճանաբար նվազում է։ Իսրայելական կողմը, մասնավորապես, մտահոգված է, որ ԱՄՆ-ը կարող է դեռ մինչև տարեվերջ սկսել տարածաշրջանում իր մեծաքանակ ռազմական խմբավորման կրճատումը։

Միաժամանակ, ըստ աղբյուրների, իսրայելցի զինվորականների գնահատմամբ՝ Իրանն անմիջական սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի համար, ուստի անհապաղ ռազմական միջամտության անհրաժեշտություն չկա։

Նեթանյահուի մերձավոր գործակից, նախկին նախարար Ռոն Դերմերը ևս մոտավորապես նույն ժամանակահատվածում գտնվել է ԱՄՆ-ում և, ըստ աղբյուրների, համոզել Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին աջակցել համատեղ հարձակմանը։ Ըստ գործակալության զրուցակիցների՝ Գոֆմանի և Դերմերի շփումները Նեթանյահուի ջանքերի մի մասն էին՝ ուղղված ԱՄՆ նախագահին նոր ռազմական գործողության հակելուն։

Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն այնքան «կործանարար» է համարում, որ «լայնածավալ մարտական գործողությունների» անհրաժեշտություն չկա։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է վարչակազմի ներկայացուցիչը, ԱՄՆ նախագահը պահպանում է գործողությունների բոլոր տարբերակները՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերել թույլ չտալու համար։